«Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան
Քաղաքը քաղաք դարձնող ատրիբուտներ, որոնք Երևանի փողոցներից կամաց-կամաց վերանում են: Փողոցներից, որոնցում մշակույթ կար:
Այդպիսի մի հատված էլ Մաշտոցի և Ամիրյանի խաչմերուկն էր: Այս տարածքում էր գտնվում ժամանակին սիրելի սրճարաններից մեկը` «Արգիշտին»: Մաշտոցի պողոտայով անցնում էր տրամվայը:
«Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը` Մաշտոցի պողոտայի մի հատվածից մինչև Օղակաձև զբոսայգի:
Հարավային քաղաքի դեժավյու` ԱՐԽկոոպ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Գարեգին Եղոյանի հետ:
«Երևանն ինձ համար ուրիշ քաղաք էր, արևոտ, լուսավոր, մի քիչ ուրիշ տրամադրության քաղաք էր: Ինձ գրավում էին քաղաքի ատրիբուտները, մեծ ավտոբուսները` դեղին գույնի ներկած: Իմ ուսանողության տարիներին ես տեղաշարժվում էի տրամվայով: Ես նստում էի 2-րդ համարը, Օղակաձև սբոսայգու կողքով գալիս էր… Այստեղ վերջին կտորն է «Արգիշտի» սրճարանի, որի մոտ սպասում էի մինչև պարապմունքի գնալս»,- հիշում է ճարտարապետը:
Գարեգին Եղոյանի խոսքով, այդ քաղաքը լիովին տարբերվում է այն քաղաքից, որում ինքը հիմա կա: Քաղաքը պիտի փոխվի, զարգանա, դա անխուսափելի է, ասում է նա: Բայց նշում, որ բաներ կան, որոնք շատ կարևոր ենք քաղաքի համար:
«Այդ նույն տրամվայը, որ զանգ տալով գալիս-անցնում էր: Ճիշտ է` անճոռնի էր, մեծ էր, տգեղ էր, բայց դա քաղաքի ատրիբուտ էր: Կկարողանայինք դա պահել: Գոնե Օղակաձև սբոսայգին կսպասարկեր: Շատ կարևոր ատրիբուտ է նաև հանրային միջավայրը: Մայթերը, բակերն օկուպացված չէին: Այս նույն «Արգիշտի» սրճարանը, ես շատ լավ հիշում եմ, ոնց էր գալիս մայթը, սահուն մտնում շենքի տակ` դառնում սրճարան: Մարդիկ անմիջականորեն նստած էին մայթի վրա»,- պատմում է նա և հավելում, որ մենք այսօր կորցրեցինք այդ մշակույթը:
Ըստ Գարեգին Եղոյանի, մենք բոլորս սպառում ենք ճարտարապետությունը, իսկ ճարտարապետությունը ստեղծում և կանոնավորում է քաղաքի միջավայրը:
«Ամեն մի շենք ունի ճարտարապետ, կուզենայի, որ շատ ավելի խնամքով վերաբերվեինք այդ շենքերին: Ես գտնում եմ, որ չի կարելի վերցնել, և կամայական ինչ-որ մեկի որոշմամբ, փոխել շենքի գույնը: Ես դա նույնացնում եմ մի բանի, որ ձեր տրամադրությունը լինի վատ և վերցնեք Մինաս Ավեստիսյանի կտավի գույնը փոխեք: Շենքն ունի ճարտարապետ, եթե ինքը ողջ չէ, ուրեմն պիտի վերականգնել գույնը, եթե ողջ է` իրենց հարցնել, գուցե ինքը լավ տարբերակ առաջարկի: Բայց վերցնել ու սալիկապատել շենքը, դա կոչվում է առնվազն ոչ պրոֆեսիոնալիզմ և քմահաճույք»,- շեշտում է նա:
Ճարտարապետը նկատում է, որ այն ժամանակ շենքերի քիվերն, օրինակ, նույնն էին. «Քիվը պահած էր: Երևանը պերիմետրալ էր կառուցապատված: Փողոցը նույն չափի մեջ էր, բայց հիմա Երևանի այդ մոդեռնիստական կոնցեպցիան փչացավ»:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարները` Հովիկ Չարխչյանի անձնական արխիվից:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Երիտասարդների պալատը (Տեսանյութ)
«Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան