Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
Քեսաբից տարհանված, ապա Լաթաքիա տեղափոխված առաջին ընտանիքը Հայաստանում է: Ամուսինները գնացել են Լիբանան, որտեղից էլ եկել են Հայասատան երեքշաբթի օրը:
«Բոլորը ձգեցին իրենց տներն ու փախան, մենք էլ հեռացանք` վախենալով վտանգից: Մեկը մյուսին նայելով փախավ, ռմբակոծություն էր: Առավոտ կանուխ հարձակվեցին»,- պատմում է Քեսաբի շրջանի Կալադուրան գյուղից տարհանված Ստեփան Սուլյանը:
Նրա խոսքով, Լաթաքիայից շատ ընտանիքներ տեղափոխվել են Լիբանան և այլուր, բայց Լաթաքիայում էլ շատերը կան:
Ամեն մեկն էլ ուզում է հետ գնալ իր տունը, քանի որ ծննդավայրը շատ թանկ բան է, ասում է քեսաբահայը:
«Մեր շրջանը գեղեցիկ շրջան է, անուշ շրջան է: Տարիներով աշխատել ենք, մինչև դրան հասել ենք: Հայրս տեսել է Ցեղասպանությունը, տեղահան են արել, հասցրել են մինչև Եգիպտոս, հետո վերադարձել ու նորից են սկսել ամեն ինչ: Մեր նախնիներն այս տեղը շատ են սիրել, ասել են` մենք ուրիշ տեղ չենք կարող ապրել, թեկուզ գնանք աղքատ ապրենք, պիտի գնանք: Հիմա ես էլ ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող ապրել, պիտի գնամ ու նորից սկսեմ»,- Panorama.am-ին պատմում է Ստեփան Սուլյանը:
Ընատանիքը Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր «Քեսաբ» ֆիլմի դիտմանը: Ռեժիսորը Նանե Բագրատունին է, ով մեզս հետ զրույցում նշեց, որ նախագիծը, ցավոք, դարձել է բացառիկ:
«Ֆիլմը պատմական ակնարկ է, ներկայացնում ենք հետաքրքիր զբաղմունքները, նաև իրենց ավանդույթները, որոնք Հայաստանի հայերին ծանոթ չեն: Այսօրվա ցուցադրության նպատակն այն է, որ Քեսաբին ծանոթությունը մեծանա»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմի հերոսները տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:
102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, ֆիլմում պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին:
Ռեժիսորի բնութագրմամբ, Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:
«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը:
Ֆիլմը նկարահանվել է 2009-2010թթ.-ին:
Կարդացեք նաև`
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին