«Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
Քաղաքի կողմնորոշումը՝ դեպի Արարատ: Գեղարվեստականության մեջ ձևավորված քաղաքի և այդ գեղարվեստականությունն ամենացայտունն արտահայտած փողոցների մասին` «Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը:
Պատմական ու ճարտարապետական միջավայրը պահպանած և այսօր արդեն անմխիթար վիճակում գտնվող Արամի և Բուզանդի փողոցները միակն էին, որտեղ միասեռ կառուցապատում էր արված:
100 տարվա պատմություն՝ ազգային ոճի շենքերով կառուցված փողոցներում: Բնակելի տների ու այնտեղ ապրող նշանավոր մարդկանց դեժավյու՝ ճարտարապետ Մարիետա Գասպարյանի հետ:
19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին փողոցները մեկ շնչով, նյութով և մտահաղացումներով էին կառուցապատվում: Արամի և Բուզանդի փողոցները բնորոշում էին Երևանի այդ ժամանակաշրջանը:
Երբ սկսվեց Երևանը վերակառուցվել, առաջին փողոցներն էին, որ 1837 թվականի գլխավոր հատկագծով էին արված: Այնտեղ կարելի էր տեսնել 100 տարվա ճարտարապետական պատմություն: Ամենահին հատվածը Կոնդին էր հարում, հասնում մինչև Եզնիկ Կողբացի: 19-րդ դարի երկրորդ կեսն էր շարունակվում այդ հատվածում և ճարտարապետական ժամանակագրությունն այդտեղից ձգվում էր մինչև 20-րդ դար:
«Բոլոր շենքերը երեք հարկանի են, ունեն նկուղային հարկ: Դրանք Երևանին բնորոշ շենքեր են` քաղաքի ավանդույթներով: Բնակելի տներն ունեին ներքին բակ, որը շարունակվում էր դեպի այգին: Ամբողջ քաղաքը կանաչապատված էր, շենքերը կանաչի մեջ էին: Շատ համապատասխան էր երևանցու ապրելակերպին և շատ գեղեցկացնում էր քաղաքը: Ճանապարհորդներն ասում էին` Երևանը այգիների քաղաք է, թաղված է կանաչների մեջ, շնքերը չեն երևում, միայն եկեղեցիների ու մզկիթների գմբեթները»,- ասում է ճարտարապետը:
Մարիետա Գասպարյանի բնորոշմամաբ, դրանք զուտ ազգային ոճի շենքեր էին` դրսի փայտյա պատշգամբներով, կամարներով, փայտե ճաղերով:
«Ավելի ուշ եվրոպական ոճն է տարածվում: Կառուցվում էր եվրոպական ազդեցության տակ, բայց ներքին բակը պահպանվում էր: Ճակատային կառուցապատումն արվում էր ըստ փողոցի ձևավորման, որն ավելի խիստ, պաշտոնակական էր: Այստեղ մենք ունեինք նեոռենեսանս, նեոբարրոկո, տարբեր եվրոպական ուղղությունները, որոնք շատ համահունչ եղան մեր ավանդական շինարվեստի հետ: 20-րդ դարի սկզբին նաև արտնուվոն է ներթափանցում, սակայն դա ևս միայն արտաքին ճակատներոին էր արտահայտվում.,- նշում է նա:
Ճարտարապետի խոսքով, փողոցներով առուներ էին գնում, որոնք շատ գեղեցկացնում էին դրանք: Ջուրը հսում էր փոքրիկ կամուրջիկների տակով, այդ ջրի ձայնը լսվում էր ու շատ էր գրավում ճանապարհորդներին:
«Շատ կոլորիտ էին տալիս»,- հավելում է նա:
Շենքերը, բացի գեղարվեստականից, նաև պատմական նշանակություն ունեին: Օրինակ Բուզանդի համար 4 շենքում Դրաստամատ Կանայանն է ապրել, հաջորդում` Ռոմանոս Մելիքյանը, մեկ այլ շենքում էլ` ասմունքող Սուրեն Քոչարյանը: Արամի փողոցի վրա է գտնվում Արամ Մանուկյանի տունը:
Բոլոր շենքերի տան տերերը ևս շատ նշանավոր անձնավորություններ են եղել` պատգամավորներ, բժիշկներ, փաստաբաններ:
«Այդ փողոցներն այսօր շատ վատ վիճակում են, շենքերի վերակառուցման լուրջ խնդիրներ կան, հատկապես, որ դրանք ներռված են պահպանվող հուշարձանների ցանկում»,- նշում է Մարիետա Գասպարյանը:
Առավել ուշագրավ մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարները` Հովիկ Չարխչյանի անձնական արխիվից:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
«Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան