Արմեն Հյուսնունց. Մենք կարողանում ենք մեր երկիրը լիարժեք ներկայացնել ամենահեղինակավոր ջազ-փառատոներում
Արդեն երրորդ տարին է ապրիլի 30-ին աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: Հայ ջազմեններն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային ջազ երաժշտության բնագավառում, անմասն չեն մնում տոնական միջոցառումներից, փառատոներից և, իրենց արվեստը ներկայացնելով, քարոզում են, որ ջազը միասնության և խաղաղության խորհրդանիշն է: 76 տարվա պատմություն ունեցող հայկական ջազ երաժշտությունը հնչել է աշխարհի տարբեր երկրներում, ջազի հայ կատարողներն իրենց պրոֆեսիոնալիզմով մեծ հաջողությունների են հասել ու հասնում են:
Panorama.am-ի զրուցակիցն է սաքսոֆոնահար, գործիքավորող, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:
-Պարոն Հյուսնունց, ինչպիսի՞ն է հայկական ջազն այսօր:
-Այսօր ունենք շատ վառ անհատներ, ովքեր պարբերաբար հյուրախաղերով հանդես են գալիս արտասահմանում: Վստահ եմ, որ մեր ունեցած պոտենցիալն ամբողջությամբ, լիարժեք չենք ներկայացնում աշխարհին: Ունենք ավագ սերնդի ներկայացուցիչներ, երիտասարդներ, ովքեր միջազգային ճանաչում են ձեռք բերել, ունենք նաև երաժիշտներ, ովքեր միջազգային բեմերում ելույթ ունենալու առիթ չեն ունեցել: Որքան արագացնենք այդ գործընթացը, այնքան կշահենք: Ջազի զարգացման, կայացման գործում շատ եմ կարևորում նաև միջազգային ջազ-փառատոնի կայացումը, ամենամյա անցկացումը:
-Հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծած ջազ երաժշտությունը, ինչպես նաև հայ և օտարազգի ջազ կատարողները կարո՞ղ են կողք կողքի ներկայանալ աշխարհին:
-Իհարկե: Անշուշտ: Ամեն երկրի երաժշտության բաղկացուցիչ մասն է կազմում նաև ջազ երաժշտությունը: Մենք կարողանում ենք մեր երկիրը լիարժեք ներկայացնել ամենահեղինակավոր ջազ-փառատոներում:
-Պարոն Հյուսնունց, ի՞նչ անել, որ հայկական ժամանակակից ջազ երաժշտությունը և հայ հասարակության շրջանում, և դրսում ավելի շատ ներկայացվի ու պրոպագանդվի:
-Նախ, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտություն եմ համարում ամենամյա միջազգային ջազ-փառատոնի կազմակերպումը, ավելի հաճախ ելույթները ոչ միայն ակումբներում, այլև համերգային սրահներում, ջազային կրթօջախների ավելի բարձր մակարդակի ապահովումը:
-Ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը ջազ երաժշտության հանդեպ:
-Իհարկե, աջակցության կա, ուղղակի այն պետք է լինի նշանակետային և ուղղորդված, կոորդինացված:
- Ի՞նչ պարբերականությամբ է ջազ-նվագախումբը հանդես գալիս համերգներով և ելույթներ ունենում ե՞ք մարզերում:
-Ամեն ամիս համերգներ ենք ունենում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, համերգներ ենք տալիս նաև ակումբներում կամ փոքր համերգասրահներում: Կարծում եմ, որ ավելի շատ համերգներ պետք է կազմակերպվեն մեծ համերգասրահներում: Ցանկալի է նաև, որ նվագախումբը պարբերաբար մեկնի հյուրախաղերի: Ինչ վերաբերում է մարզերին, լավ նախադեպ կարող է լինել «Ջազը և Գյումրին» նախագիծը: Ցանկալի է, որ այս նախագիծը վարակիչ լինի ու անցկացվի նաև մյուս մարզկենտրոններում, քաղաքներում:
-Պարոն Հյուսնունց, ինչպե՞ս եք տեսնում հայկական ջազի ապագան:
-Ապագան մեզնից է կախված: Պոտենցիալը մեծ է, պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին, հնարավորություն ընձեռել երիտասարդներին լիարժեք արտահայտվել ու դուրս գալ միջազգային բեմեր: Սա շատ եմ կարևորում: