Ինչո՞ւ է գյուղացին այսօր ծուլացել. Գլաձոր գյուղի հոգսերն ու խնդիրները
Գլաձորի համայնքը գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, Եղեգնաձոր քաղաքից մոտ 3 կմ. հյուսիս, ծովի մակերևույթից 1350 մ. բարձրության վրա:
Բոլոր գյուղերի նման Գլաձորն ունի իր խնդիրներն ու հոգսերը, որոնց մասին էլ գյուղ այցելած լրագրողների հետ կիսվում է համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը, ով 9 տարի ղեկավարում է Գլաձոր համայնքը և ինչպես ինքն է նշում` շատ լավ գիտի, թե գյուղում ի՞նչ խնդիրներ կան և դրանցից որոնք են առաջնահերթ լուծում պահանջում:
Գյուղն առհասարակ շատ ու մեծ խնդիրներ ունի, որոնք միմյանց սերտորեն փոխկապակցված են: Թիվ մեկ խնդիրը, ըստ գյուղապետի, արտագաղթն է:
Ա.Մարտիրոսյանի խոսքերով` համայնքի բնակիչները դեռ խորհրդային տարիներից սովորություն ունեին մեկնել արտագնա աշխատանքի, սակայն 1990-ականներից սկսած մեկնողների թիվը սկսեց աճել, իսկ մոտ 30 ընտանիք ընդհանրապես լքեց հայրենի գյուղը և մշտապես հաստատվեց Ռուսաստանում:
Ըստ նրա` ամեն տարի գյուղից արտագնա աշխատանքի է մեկնում 400-500 երիտասարդ:
«Անկախ նրանից, թե այդ երիտասարդներն ինչ կրթություն ունեն` բարձրագույն, միջին, թե թերի, մեկնում են արտագնա աշխատանքի, բայց պետք է նշել, որ բարձագույն ավարտածներն ավելի մեծ թիվ են կազմում, քանի որ նրանք իրենց կրթությանը համապատասխան գործ չեն ճարում, բայցի այդ` գյուղի պայմաններին չեն հարմարվում»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ բացի Ռուսաստանից, երիտասարդները փորձում են իրենց բախտը որոնել մայրաքաղաքում:
Ա.Մարտիրոսյանը խոստովանեց, որ իր տղան նույնպես հեռացել է գյուղից. կնոջ հետ ապրում է Երևանում, աշխատում է, բայց հարսի ուսման վարձն էլի ինքն է վճարում:
Ի դեպ, համայնքապետը նշեց, որ գյուղում նման դեպք չի գրանցվել, որ տղամարդիկ մեկնեն արտագնա աշխատանքի և չվերադառնան:
«Միգուցե այնտեղ էլ ընտանիք ունեն, բայց էնպես չի, որ հետ չեն գալիս»,-ասաց նա:
Այսօր գյուղում ապրում է 2781 մարդ: Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ, մի մասն էլ աշխատում է գյուղի դպրոցում, մանկապերտեզում ու գրադարանում:
Անդրադառնալով զբաղվածության խնդրին, Գլաձորի համայնքապետը նշեց, որ խնդիրը միայն աշխատատեղերի բացակայությունը չէ: Նա գտնում է, որ գյուղացին այսօր ծուլացել է, նաև չբացառեց, որ դրա պատճառներից մեկն էլ աղքատ ընտանիքներին ամեն ամիս որպես օգնություն հատկացվող գումարներն են:
«Մեր գյուղում այնքան մեծ հնարավորություններ կան, որ եթե գյուղից մեկնողների 30 տոկոսը թեկուզ զբաղվի անասնապահությամբ, ապա համոզված եղեք` շատ լավ կապրեն: Ովքեր զբաղվում են դրանով, բոլորից լավ կարողանում են իրենց ընտանիքը պահել: Արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը նախընտրում են Ռուսաստանում սևագործ բանվոր աշխատել, բայց իրենց ծննդավայրում մի թիզ հող չմշակել: Հիմա մարդիկ փորձում են ավելի հեշտ ճանապարհով իրենց ապրուստը վաստակեն»,-նկատեց Ա.Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` շատերը տնից-տեղից 6-7 ամիս կտրվում են, բայց գյուղ վերադառնալուց հետո էլի պարտքով են ապրում, ձմեռը չեն կարողանում առանց պարտքերի անցկացնել: Գյուղում գործում է 9 խանութ, որտեղ հիմնականում «նիսյայով» են առևտուր անում:
Մինչդեռ, գյուղապետը կարծում է, որ յուրաքանչյուր տուն կարող է պահել 5 կով ու նորմալ ապրել:
«Թող մի քիչ դժվար լինի, մենք երիտասարդ տարիներին մայիսից մինչ օգոստոս գերանդին ձեռներս խոտ էինք հնձում: Հիմա բոլորն ուզում են ցիվիլ պայմաններում ապրեն, բայց եթե գյուղացին հող չմշակի, բա քաղաքացինե՞րը ոնց պիտի ապրեն»,-ասաց Ա.Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` գյուղն ավելի շատ անասնապահության, քան գյուղատնտեսության հնարավորություն ունի, բայց սեփականաշնորհման ժամանակ բոլոր ընտանիքներն էլ հող են ստացել, սակայն դրանց մեծ մասն այսօր չի մշակվում: Ըստ նրա` 310 հա ջրովի վարելահողից միայն 50 տոկոսն է մշակվում:
Անդրադառնալով գյուղացու խնդիրներին, Ա.Մարտիրոսյանը նշեց, որ այսօր գլաձորցու ամենացավոտ հոգսը մնում է գյուղմթերքների վաճառքը: Մարզը գյուղատնտեսական մարզ է, բայց գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր չկան, ուստի գյուղացին չի կարողանում իր բերքը իրացնել:
Նրա խոսքերով` նախորդ տարի Արարատի վերամշակող ընկերությունները գյուղացիներին առաջարկել են ծիրան մթերել 1 կգ 30 դրամով:
«Բայց էդքան քիչ գումարով ո՞վ ծիրան կտանի Արարատ: 1 տոննա ծիրանի համար պիտի ստանան ընդամենը 30 հազար դրամ, ինչը նույնիսկ մեքենայի վառելիքի ծախսը չի հանի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Գյուղապետը վստահ է, որ եթե մարզում գործարաններ կառուցվեն, ապա բոլորն էլ հետ կվերադառնան:
Նշենք, որ լրագրողների այցը Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնք կազմակերպել էր «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:
Նախորդիվ՝
Վայոց ձորի մարզպետը լիահույս է` մարզում վերամշակման գործարան կունենան, որով կլուծի գյուղմթերքի իրացման հարցը
Այսօր աշխատաշուկայում կա կոնֆլիկտ` աշխատանք փնտրողների և գործատուների միջև. Էդգար Ղազարյան