Խոշոր եղջերավորների սպանդ Կոտայքում` բրուցելոզի պատճառով
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում 48 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի. պատճառը բրուցելոզն է: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:
Նրա խոսքերով` այժմ ճշտում են հիվանդ կենդանիների թիվը:
«Այս պահին Գեղաշենում շուրջօրյա հսկողություն է սահմանված, գյուղում արգելված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մուտքն ու ելքը, որպեսզի այլ համայնքներում այն տարածում չգտնի»,- ասաց Ա.Սուքիասյանը:
Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։ Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։
Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բրուցելոզի հարուցիչները բրուցելներն են, որոնք միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով։ Բրուցելները բակտերիաներ են, որոնք դիմացկուն են ցածր ջերմության և ցրտահարության նկատմամբ, ջրում պահպանվում են մինչև 5, հողում՝ 3 և ավելի ամիս, կովի կաթում՝ մինչև 45, աղի պանրում՝ 60 օր, կարագում, սերուցքում, մածնում, թարմ պանրում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը, սառեցրած մսի (խոզի) մեջ՝ 5, աղով մշակված կաշվի մեջ՝ 2, բրդի մեջ՝ 3-4 ամիս։ Կաթը եռացնելիս և պաստերացնելիս բրուցելները ոչնչանում են։ Վարակազերծող միջոցներով բակտերիաները ոչնչանում են մի քանի րոպեում։ Մարդը վարակվում է հիվանդ կենդանու թարմ կաթ և կաթնամթերք (պանիր, կարագ, կաթնաշոռ), ինչպես նաև անբավարար եփած ու տապակած միս օգտագործելիս։ Կարող են վարակվել նաև կաշվի ու մորթու մշակման արտադրություններում, ինչպես նաև հիվանդ կենդանու և դրանց արտաթորանքով աղտոտված իրերի հետ շփվելիս։
Բրուցելլա խմբի մանրէները կայուն չեն բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Հեղուկ միջավայրում՝ +600C ջերմաստիճանային պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, +80-850C ջերմաստիճանային պայմաններում՝ 5 րոպեում, +85-900C ջերմաստիճանային պայմաններում՝ 20 վայրկյանում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Մանրէները երկար ժամանակ մնում են սննդամթերքում և կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները