ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում և այդպես էլ կլինեն. սա անհերքելի է: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստում հնչած հայտարարությունները:
Հիշեցնենք` Աստանայում մայիսի 29-ին կայացած Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը և դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարել էր. «Տհաճ թեմա կա: Հարց, որը կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել եք ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում: (Որ դա արվում է) ՄԱԿ-ում ամրագրված սահմանների շրջանակներում: Դուք այդպես մտաք ԱՀԿ, ԵՏՄ էլ պետք է մտնեք ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով՝ նման պայմանով»:
Շարմազանովի ներկայացմամբ, փաստ է, որ միության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչև հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին:
«Մնացել են մի քանի հարցեր, որոնք տեխնիկակակն ոլորտից են և վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը: Դրանց շարքում սահմանային որևէ հարց չկա: Չկա, որովհետև Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր: Մենք անդամակցում ենք Առևտրի համաշխպարհային կազմակերպությանը և անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, և Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ: Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որը զբաղվում է այդ հարցով, և այդ կազմակերպությունները որևէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ», -հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը թափանցիկ է, և հորդորեց «աժեոտաժ չստեղծել» մայիսի 29-ին կայացած հանդիպումից հետո:
«Այդ աժեոտաժը ոչ ինձ, ոչ Ձեզ և ոչ էլ մյուսներին, առավել ևս մեր պետականությանը օգուտ չի բերում: Եվս մեկ անգամ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է և չի արել ու չի անելու այնպիսի բան, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- եզրափակեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան
Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է. Ն.Զոհրաբյան
Ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը կաշխատի համընդհանուր և հասկանալի կանոններով
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ»
Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախագծի կապակցությամբ
Նազարբաև. Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում կա Հայաստանի միանալու մասին կետ