«Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը
Չարենցի փողոցը հենց սկզբնամասից նշանավորվում էր մի քանի կառույցներով, որոնք մեր քաղաքի կերպարներից են: Դրանցից մեկը՝ Աճառյանի անվան դպրոցը, այսօր արդեն չկա, ճոպանուղին լքված է ու աղբանոցի է վերածվել, իսկ փողոցի սկզբում միակ պահպանված կառույցը «Հայնախագծի» շենքն է:
«Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը՝ ճոպանուղու, քանդված դպրոցի ու հայկական վերականգնված ճարտարապետության նմուշներից մեկի՝ «Հայնախագծի» շենքի մասին: Դեժավյու՝ «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ:
Ճոպանուղին Երևանում իսկական բում առաջացրեց, Հայաստանում նման բան չէին տեսել:
«Մենք գալիս էինք այստեղ, նկարվում էինք աստիճանների վրա: Շատ մեծ դեր խաղաց ճոպանուղին: Ակտիվ տեսքով, ակտիվ ծավալով, հեռվից՝ Նալբանդյան փողոցի առանցքի վրա դրված, շատ հետաքրքիր կերպար ստեղծեց: Ինձ թվում է՝ երևանցի չկար, որ չօգտվեց: Վերևից շատ լավ տեսարան էր բացվում դեպի Երևան, անցնում էր Գետառի վրայով: Մոդեռնիստական առաջին կառույցներից էր՝ շատ գեղեցիկ»,- հիշում է Գրիգոր Ազիզյանը:
Իսկ հետագայում՝ 90-ականներին, ճոպանուղին չկանգնեց, այդ ծանր տարիներին աշխատեց. «Մենք պատուհանից նայում էինք՝ ոնց էր ժողովուրդը բարձրանում: Հատուկ ժամեր կային, այդ փոքրիկ կաբինաներով բարձրանում էին Նորքի զանգված: Ճոպանողին գործեց այնքան ժամանակ, մինչև որ տեղի ունեցավ հայտնի վթարն ու մարդիկ զոհվեցին: Այսօր՝ կիսաքանդ վիճակ»:
Չարենցի սկզբնամասում, մինչև ճոպանուղին, գտնվում էր Աճառյանի անվան դպրոցը, որը մինչև վերջերս հիացնում էր անցորդներին իր շքեղ ճարտարապետությամբ: Հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հեղինակած շենքի փոխարեն 12 հարկանի նոր կառույցի հիմքն է գցվում: Տարածքը ծածկված է «Պահպանելով հինը՝ կառուցենք նորը» գրությամբ պաստառով, իսկ թե որքանով է դա այդպես լինելու, ժամանակը ցույց կտա:
Այն, որ Աճառյանի անվան դպրոցի շենքը որպես պատմամշակութային արժեք արդեն գոյություն չունի, փաստում է նաև Գրիգոր Ազիզյանը:
Մի քանի քայլ ներքևում էլ տեղակայված է շինություն, որը կառուցել են «Հայնախագծի» ճարտարապետները, նախագծել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ընկերության այն ժամանակվա տնօրեն Կորյուն Հակոբյանը:
Գրիգոր Ազիզյանի խոսքով, իրենք շենքը շատ են սիրում, բարեբախտաբար այն պահպանվել է և պահպանելու հարցում էլ հաստատակամ են: Շինությունը հայկական վերականգնված ճարտարապետության նմուշներից է:
Խոսելով այսօրվա Երևանի ճարտարապետությունից, Գրիգոր Ազիզյանը նկատում է, որ քաղաքը զարգացող մարմին է, մեր մայրաքաղաքում դեռ հրաշալի կառույցներ կան, որոնք պարտադիր պետք է պահպանել: Գրիգոր Ազիզյանը լավատես է և կարծում է, որ պետք չէ շատ շտապել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութում օգտագործվել են լուսանկարներ charkhchyan.wordpress.com և hinyerevan.com կայքերից:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
«Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան