Մեզ համար առաջնային են անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հանրային հեռուստաընկերություն կատարած այցի շրջանակներում մասնակցել է Հայլուր «Հարցազրույց» հաղորդմանը: Հարցազրույցի ամբողջական սղագրությունը՝ ստորև.
-Մինչ բուն հարցերին անդրադառնալը` հիշեցնեմ, որ մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Վստահ եմ, որ Դուք հետևում եք աշխարհի առաջնության խաղերին: Հետաքրքիր է` ու՞մ եք երկրպագում:
-Ես այդ բառը կարող եմ օգտագործել միայն իմ վերաբերմունքը Հայաստանի հավաքականի նկատմամբ ցույց տալու համար: Ավելի կարճ ասած` ես երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Բայց, իհարկե, հաճույքով դիտում եմ նաև այլ ֆուտբոլային խաղեր և հիմա, այս ֆուտբոլային տոնի ժամանակ, չեմ կարող այդ լավ առիթները բաց թողնել: Անշուշտ, դիտել եմ մի քանի խաղ և սիրողական մակարդակով կարծիք եմ հայտնում, որ շատ հետաքրքիր և դիտարժան առաջնություն է աշխարհի առաջնությունը: Ընդհանրապես` ես տասնամյակներ շարունակ համակրել եմ և հաճույքով դիտել եմ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների խաղը: Իհարկե, եղել են ժամանակներ, երբ առիթը բաց չեմ թողել` հիանալու Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի հավաքականների խաղով, բայց, նորից եմ կրկնում, իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը: Կարծում եմ, որ այս առաջնության ամենագրավիչ պահը գոլառատությունն է, որովհետև էլ ի՞նչ ֆուտբոլ` առանց գոլի: Այս ընթացքում ընդամենը մեկ խաղ է ավարտվել` առանց գոլ արձանագրելու, և ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին, որպեսզի հետո մենք կարողանայինք ասել, որ այո, խոշոր հաշվով պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնից:
-Անցնենք մեր խնդիրներին և այն հարցերին, որոնք նախատեսել եմ այս հարցազրույցի համար: Ինձ թվում է` պիտի նախ գանք սահմանային իրադրությանը: Սահմանին լարված էր: Այս օրերին, իհարկե, խաղաղ է, բայց այդ լարվածությունը մտորելու տեղիք է տալիս: Նկատի ունեմ հատկապես զարգացումները նախիջևանյան թևում, հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում: Ի՞նչ պիտի ենթադրել. մեր հակառակորդը նոր մարտավարությու՞ն է որդեգրել, և եթե այո, ապա մենք ի՞նչ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:
- Ես չեմ կարծում, որ մենք ականատեսն ենք նոր մարտավարության: Իմ խորին համոզմամբ` զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ: Այո, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, և դրա նպատակները մի քանիսն են, բայց կարծում եմ, որ ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին, բոլորին ցույց տրվի, որ պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում նրանք հաջողություններ չունենան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք` Հայաստանի «Հանրապետական» կուսակցության վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ անշուշտ, չափազանց կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց նաև ասացի, որ առավել կարևոր է, թե կռվողը ով է, հանուն ինչի է կռվում և ում հետ է կռվում: Այդ առումով ես ևս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ 94 թվականի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել ռազմական գործողությունները: Մեր նախապատրաստական ողջ աշխատանքը ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով, իհարկե, վերջին տարիները բացառություն չեն, և մենք պարբերաբար, այստեղ կարող եմ այդ բառն էլ օգտագործել` ջանասիրությամբ, ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ և կատարելագործում ենք նախկինները: Կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ մենք այդ ամենն ի ցույց չենք դնում, սահմանափակվում ենք ընդամենը զորավարժություներ անցկացնելով կամ էլ, մասնակիորեն, որոշ ռեպորտաժներում ինչ-որ բան ցուցադրելով: Որովհետև մենք դրա կարիքը չունենք, նորից եմ ասում: Սպառազինություններ ձեռք բերելով և ամեն վայրկյան ի ցույց դնելով` տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունն, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ավելորդ ցուցադրման կամ, ճիշտ բառը, երևի, ցուցամոլությունն է: Մեր հասարակության տարբեր ներկայացուցիչներ հնարավորություն ունեն և ունենալու են` մշտապես այցելելու զորամասեր, տեղյակ լինելու ինչպես զինվորների մարտական ոգու, այնպես էլ մեր զինատեսակների կատարյալ լինելու մեջ, մեր զինատեսակների պահանջվող չափով առկա լինելու մեջ: Եվ մենք շարունակելու ենք այս աշխատանքը, որովհետև անվտանգության խնդիրները մեզ համար առաջնային են: Ոչինչ չենք խնայելու, որպեսզի մեր հրաշալի տղաները ունենան այն, ինչն անհրաժեշտ է մեր սահմանները անառիկ պահելու համար, մեր անվտանգությունը ապահովելու համար:
-Պարոն նախագահ, օրեր առաջ լրացավ զինադադարի 20-ամյակը: Արդեն 20 տարի է` հարաբերական խաղաղություն է այս տարածաշրջանում: 20 տարի է` նաև բանակցություններ են ընթանում երկու պետությունների միջև: Ի վերջո, ի՞նչ արդյունք պետք է ակնկալել այս բանակցություններից:
-Բանակցությունների ամենակոնկրետ արդյունքը արդեն 20 տարի տևող խաղաղությունն է: Այո, վատ խաղաղություն է, խռով խաղաղություն է, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց ցանկացած խախուտ խաղաղություն նախընտրելի է, քան որևէ պատերազմ: Ցանկացած բանակցություններ նախընտրելի են, քան ռազմական գործողությունները: Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց` ոչ ամեն գնով և ոչ ցանկացած պայմանով: Բանակցությունների դանդաղումը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ մենք և Ադրբեջանը տարբեր կերպ ենք մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են` որպես խնդրի լուծման հիմք: Մենք և համանախագահները այդ սկզբունքները պատկերացնում ենք և մեկնաբանում ենք նույն կերպ: Ադրբեջանը այլ բան է հասկանում այդ սկզբունքների տակ, և բնական է, որ բանակցությունների ընթացքում այս տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է հանդիսանում: Պատահական չէ, որ ամեն անգամ, հասնելով ինչ-որ մի փուլի, Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս: Որպեսզի բանակցությունները ընթանան մեր ժողովրդի և միջազգային հանրության համար ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է, որ հստակեցվի մի հանգամանք. մենք նույն կերպ պետք է հասկանանք միջազգայնորեն ընդունված սկզբունքները: Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբի համանախագահներին` իրենց գործադրած ջանքերի համար: Ի վերջո, այս խաղաղությունը կամ խնդրի լուծումը առաջին հերթին մեզ է պետք, այնուհետև` ուրիշներին, բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ջանքերի ավելացման խնդիր կա` այն ուղղությամբ, որի մասին ես ասացի:
-Պարոն նախագահ, հիմա գանք մի քանի տնտեսական հարցերի, որոնց շուրջ խոսակցություններն ակտիվացան հատկապես Աստանայից հետո: Տարակարծությունն այստեղ էլ է մեծ: Վերլուծաբանների որոշակի շրջանակ կարծիք է հայտնում, որ Եվրասիական տնտեսական միության անդամներն այնքան էլ շահագրգռված չեն այս կառույցին մեր անդամակցությամբ: Այդ մասին է վկայում նաև Աստանայում Նազարբաեվի դիտարկումը` մեր սահմանների առնչությամբ: Դուք ի՞նչ եք մտածում:
- Ես չեմ կիսում որոշ մոտեցումներ, և, առաջին հերթին, չեմ կիսում այն կարծիքը, որ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Ինձ համար, կարծես թե, այս հարցը սպառված է, և ես զարմանում եմ, որ մենք դեռ շարունակում ենք քննարկել այն: Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ, կարծում եմ, վերջացած է: Եվ շատ պարզ է: Այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը` իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի հանրապետությունն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի` այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ: Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի հանրապետությունն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ` հայկական երկրորդ հանրապետության ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ: Եվ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է: Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով` մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը, և ես դրա հետ համամիտ եմ` 100 տոկոսով: Այո, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է, հարցերի այսօրվա վիճակն է, և կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է: Եթե որոշ հարցեր մնացել են, այդ հարցերը հուզական, էմոցիոնալ մակարդակում են, և ես մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկությունները և հույզերը, բայց պիտի հասկանանք, որ քաղաքականության մեջ, առավել ևս` դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն: Դիվանագիտությունը կամ բանակցությունները «տղայություն» անելու տեղ չեն: Այդպիսի հանգամանքները ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն: Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում են, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը`օրական տասնյակ, հարյուրավոր անգամներ, այլև, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և' Ղազախստանի նախագահին, և' Ռուսաստանի նախագահին, և' Բելառուսի նախագահին: Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպե՞ս կարող էր անակնկալ լինել: Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելի մարդիկ կային, նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, և այդ 10-ից ավելի մարդիկ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը . Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց: Այստեղ անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա: Բացարձակապես: Հարցը նպատակահարմարության մասին է, թե որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը, և լսեք, թե այնտեղ ինչ է հնչել: Եվ երբ ես ասում էի` իրոք, տհաճ է, ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Միայն այսքանը: Իսկ որ, նորից եմ ասում, Հայաստանի հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա, և բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը, խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի հանրապետության համար: Այստեղ մի բան էլ պետք է ասեմ` օգտվելով այս հնարավորությունից
և դիմելով իմ քննադատներին. խնդրում եմ , մի' պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է:
- Պարոն նախագահ, այդուհանդերձ, անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ունի նաև մի շարք տնտեսական ասպեկտներ, որտեղ էլի կան մտահոգություններ: Հայաստանում խոսվում է շատ ապրանքների գների թանկացման մասին: Արդյոք իրականությունը սա՞ է, արդյոք մենք հաշվարկե՞լ ենք դրականն ու բացասականը` միությանն անդամակցելիս:
- Անշուշտ: Մենք Մաքսային միությանը ցանկություն ենք հայտնել անդամակցել` ունենալով ոչ միայն այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, այլ նաև խորը տնտեսական վերլուծություններ: Եվ ակնհայտ է, որ արդեն իսկ դրա որոշ արդյունքներից մենք օգտվում ենք: Եթե այսօր մենք 1000 խորանարդ մետր գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուկային նյութերի համար ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստի ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ, դա Մաքսային միությանն անդամակցելու, այսպես ասած, նախապատրաստական ժամանակահատվածն է: Անշուշտ, որոշակի անհանգստություններ կան ոչ միայն տնտեսագետների, այլ նաև հանրության, այդ թվում` ինձ մոտ: Չի կարող անհանգստություն չլինել: Մենք մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ, և այստեղ, անշուշտ, կան մարտահրավերներ, բայց այդ մարտահրավերները լուծելի են, և մեր անդամակցությունը բերելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ` այդ տարբերությունները հսկայական չեն, երկրորդը` զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք, եթե կարելի է այդպես ասել, մուտքի շղթաներ, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Ենթադրենք` մեքենաների ներմուծման մասով: Ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք` ավելի քիչ, բայց այդ դրույքների կիրառումը Հայաստանի հանրապետության համար, անպայման, հետաձգվելու է` 5-ից 10 տարով: Ինչու՞ եմ ասում 5-ից 10 տարով, որովհետև սա այն խնդիրներից մեկն է, որոնց մասին ես ասում էի` մնացել է 2-3 խնդիր: Այսինքն`ավտոմեքենաների ներմուծումը զգայուն հարց է մեզ համար, դրա համար մենք խնդրել ենք տալ մեզ ժամանակ: Մեր խնդրանքը հարգվել է, և մենք ունենալու ենք նվազագույնը, վստահ եմ, որ այդպես կլինի, 5 տարի ժամանակ: Այդ 5 տարվա ընթացքում մենք կադապտացվենք, այդ 5 տարին բավարար է: Իսկ եթե լինի 7 տարի, ավելի լավ: Եվ այդպես` բոլոր զգայուն ապրանքատեսակների համար: Հսկայական թիմ է աշխատել, ես վստահ եմ, որ առաջին արդյունքները ունենալու ենք հենց հաջորդ տարի, և այդ ժամանակ մենք ի ցույց ենք դնելու այդ բոլոր առավելությունները: Նորից եմ կրկնում. մենք բանակցային փուլում էինք, և բանակցային փուլում գովերգել, ի ցույց դնել առավելությունները` նշանակում է ունենալ ոչ ամուր դիքեր բանակցային սեղանի շուրջ: Համոզված եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանի հաջողությունները պայմանավորելու են դրանով, ասելու են` այս քայլի արդյունքն է:
- Մեր տնտեսությունն արդեն ղեկավարում է կառավարության նոր կազմը: Իհարկե, այսօր վաղ է ասել, թե կառավարությունը ինչ է արել, բայց ինձ հետաքրքիր է, թե Դուք ի՞նչ եք ակնկալում այս կառավարությունից:
-Ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու` ինչպես հրապարակավ, այնպես էլ և' վարչապետի, և' կառավարության անդամների հետ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը, ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել, և այդ ակնկալիքները պետք է արդարացվեն: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք` լինի դա կառավարության, լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի և չափելի, և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը:
Որպեսզի մանրամասների մեջ չխորանամ` ինձ համար, որպես ոչ տնտեսագետի, գոյություն ունեն մի քանի չափանիշներ: Առաջինը կայուն տնտեսական աճն է: Կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ: Երկրորդ չափանիշը աշխատավարձ – գնաճ հարաբերակցությունն է, այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Եվ երրորդ հանգամանքը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, թե ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետև սա է հիմքը և' աշխատավարձերի բարձրացման, և' սոցիալական խնդիրների լուծման: Եվ եթե այս տեսանկյունից ենք նայում, վերջին 3-4 տարիներին ունեցել ենք ձեռքբերումներ: Այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են, այլ խնդիր է, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ ավելի բարեկեցիկ ապրել: Այդպիսի ցանկություն գոյություն ունի բոլոր հասարակություններում: Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են հենց այդ ցանկություններով: Եվ սա շատ նորմալ է: Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ, տարակարծություններ, և հենց այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները: Իմ ցանկությունն է, որ մենք այս պրոցեսները խորացնենք, բայց` մի պայմանով . որ այդ բախումները իրոք լինեն տեսակետների բախումներ, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում, ոչ թե ցուցարարների և ոստիկանների միջև լինեն այդ բախումները: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել` և' իշխանությունները, և' ընդդիմությունը, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով կարողանանք գալ ճիշտ լուծումների: Նոր կառավարության առումով արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություն է ունենալու: Կանցնի որոշակի ժամանակ, մենք շատ ավելի հստակ կխոսենք:
- Գանք հենց Ձեր նշած բախումներին: Ես բախումները չակերտների մեջ եմ վերցնում: Սխալ կլիներ ընդդիմության գործողություններին չանդրադառնալը` հատկապես վերջին քառօրյայում ընդդիմության ներկայացրած պահանջների ֆոնին: Դրանք 12-ն են: Դուք արդեն ծանոթացե՞լ եք այդ պահանջներին:
- Անշուշտ:
- Եթե ծանոթացել եք, ուրեմն արդեն ունեք Ձեր հստակ վերաբերմունքը, նաև մասնագիտական կարծիքը: Ընդդիմությունը իշխանությանը առաջարկում է գործել պրագմատիկ դաշտում: Ընդունու՞մ եք այդ առաջարկը և ի՞նչ է ենթադրվում իշխանության կողմից:
-Նախ պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները:
Ես համոզված եմ, որ այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Անշուշտ, ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը` ուշադրությամբ ուսումնասիրել և կատարել հետևյալ գործողությունները . այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության` արդեն հաստատված ծրագրում, պետք է արագ առաջ տանել և բացատրել մեր ընդդիմադիրներին,թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդը . այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ և միասին գան ընդհանուր հայտարարի: Եվ երրորդը. այն հարցերը, որոնք, մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով, իրատեսական չեն, անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այն կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում: Նորից եմ կրկնում և համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ:
- Պարո'ն նախագահ, Դուք նշեցիք սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմության և իշխանության բանավեճի մասին: Դուք ի՞նչ եք մտածում այն պրոցեսի մասին, որը տեղի է ունենում այս օրերին և ի՞նչ պետք է ակնկալել այս փոփոխություններից:
- Ես կարծում եմ, որ ինտենսիվ պրոցես է ընթանում, և մեծամասնությամբ` մասնագետները, հանրության բավականին լայն շրջանակներ, մասնակցություն են ունենում այս պրոցեսին: Կարևորագույն խնդիրը, իմ կարծիքով, մասնագետների ակտիվ մասնակցությունն է: Շատերն ասում են, որ սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, և դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն լինելով, որ սահմանադրությունը, իրոք, քաղաքական փաստաթուղթ է և որ քաղաքական գործիչները պետք է մասնակից լինեն, այնուհանդերձ, ես համարում եմ, որ առաջին հերթին սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է, և այստեղ, առանց մասնագետների, մենք կարող ենք շատ մեծ պրոբլեմների առջև կանգնել: Այս մասով` մասնագետների ընդգրկմամբ, քննարկումների ծավալներով և հաճախականությամբ, ես գրեթե բավարարված եմ: Հաջորդ խնդիրն, իհարկե, քաղաքական ուժերի ներգրավումն է այս քննարկումներին, որովհետև մեր ցանկությունը ինքնանպատակ չէ, մենք ցանկանում ենք, ընդգրկելով մեր հանրության լայն շրջանակներին, ստանալ մի փաստաթուղթ, որը կապահովի մեր երկրի առաջընթացը: Կա նաև երրորդ հանգամանքը: Թեև, իհարկե, դժվար է հանրության լայն զանգվածներին հասցնել այդ հսկայածավալ փաստաթղթի մանրամասները, բայց ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, և պետք է քննարկման շրջանակները լայնացնել: Ես տեսնում եմ, որ այդ քննարկումները այսօր միայն Երևանում են տեղի ունենում: Ես վստահ եմ, որ այդպիսի քննարկումներ պետք է լինեն մեր մարզերում, համայնքներում: Կարծում եմ, որ ևս մի որոշակի ժամանակ, և մենք հնարավորություն կտանք հանձնաժողովին` գործունեություն ծավալել նաև մարզերում: Այնուհետև, երբ հանձնաժողովն ավարտի այդ քննարկումները և ինձ ներկայացնի հայեցակարգ, այդ ժամանակ ես, անշուշտ, ավելի հանգամանորեն կխոսեմ այդ մասին:
- Հարցս մի փոքր դիվանագիտական ինտրիգ է պարունակում, նախապես ասեմ Ձեզ: Վերջերս, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտնի նիստում, Թուրքիայի նախագահին հրավիրեցիք մասնակցելու 100-ամյակին նվիրված արարողություններին: Ի դեպ, դա որոշակի անակնկալ առ այսօր էլ պարունակում է: Ի՞նչ եք կարծում, թուրքական կողմը ի՞նչ ռեակցիա կդրսևորի և արդյոք Աբդուլլահ Գյուլի սրտո՞վ էր Ձեր հրավերը:
- Ամենայն հավանականությամբ` Աբդուլլահ Գյուլը հնարավորություն չի ունենա այդ հարցը քննարկել, երբ ժամանակը գա, որովհետև, ինչպես հայտնի է, նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին: Այդ հարցի պատասխանը հստակ իմանալուն մնացել է ընդամենը 2 շաբաթ: Բայց ես գնահատում եմ Գյուլին` որպես քաղաքական գործչի, որովհետև, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը: Իսկ թե կգա՞ Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ նա լինի, մենք կիմանանք առնվազն ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին, որովհետև, նորից եմ ասում, հիմա հայտնի չէ, թե ով է լինելու Թուրքիայի նախագահը: Ընդհանրապես` հայ-թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված, այս ժամանակահատվածում` մինչև 100-րդ տարելիցը, ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ` ինչպես առանձին հարցազրույցների, այնպես էլ ելույթների տեսքով, իմ կարծիքն արտահայտելու այս հարցի շուրջ:
- Եվ վերջինը, պարոն նախագահ: Ընդամենը մի քանի օրից Ձեր ծննդյան օրն է: Հետաքրքիր է` 60-ամյակի շեմին հանրապետության նախագահի ներսում ի՞նչ է կատարվում:
-Ես ինձ այն մարդկանց թվին չեմ դասում, ովքեր վաղօրոք պատրաստվում են իրենց ծննդյան տարեդարձին:
- Բայց այն հոբելյանական է:
-Հասկանում եմ, որ հոբելյանական է, բայց, ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե այս հոբելյանական տարեդարձը այն հանգրվանն է, որտեղ ես իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ միշտ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ: Նորից եմ կրկնում` ես չեմ կարող իմ 60-ամյակի առիթով ասել, որ իմ բոլոր ցանկություններն իրականացել են, ուստի այլ բան չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որն, իհարկե, ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթով: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները, դրանք կատարված ցանկություններով դիմավորեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները