Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում զենք գնելու համար, սակայն դա հաղթանակի երաշխիք չէ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական առաջատար լրատվամիջոցներին: Telam գործակալությունը, La Nacion և Clarim պարբերականները հրապարակել են Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի տեքստը:
Արգենտինական մամուլը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած տարածաշրջանային իր այցի նպատակը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության` 2015թ. ապրիլին նշվելիք հարյուրամյա տարելիցի նախօրեին տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է: Արգենտինայից բացի, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի նաև Ուրուգվայում և Չիլիում: Հայաստանի առաջնորդը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցի ընթացքում ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղի շուրջ Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վրա: Չնայած իրողությանը, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ հանդիպել Արգենտինայի Նախագահ Քրիստինա դե Քիրշներին, վերջինիս հիվանդության պատճառով, Հայաստանի նախագահը նրան է փոխանցել գալիք տարի Հայաստան այցելելու և հայ ժողովրդի հարյուրամյա ողբերգությունը ոգեկոչող միջոցառումներին մասնակցելու հրավերը:
- Դուք Թուրքիայի ապագա նախագահին հրավիրել եք այդ միջոցառմանը: Կա՞ն արդյոք դրա համար անհրաժեշտ պայմաններ:
- Նախ և առաջ, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։
-Թվում է, գործող վարչապետը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:
- Հնարավոր է: Եկեք սպասենք ընտրությունների արդյունքներին։
-Թուրքիան և Էրդողանը շարունակում են հայտարարել, որ Ցեղասպանություն չի եղել: Արդյո՞ք կարող է հրավերը փոխվել:
- Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվները, որպեսզի համոզվեն, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել: Մենք ցանկանում ենք հրավիրել նրանց, որպեսզի սեփական աչքերով տեսնեն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու: Հնարավոր է, որ երբ նա այդ ամենը տեսնի, այլևս ոչ մի ապացույց չպահանջի:
-100-ամյակի միջոցառումներին։ Հնարավոր է, երբ այդ ամենը տեսնեն, այլ վկայությունների կարիք չլինի։
- Կարծիք կա, որ Թուրքիայում ազգայնականությունը զարթոնք է ապրում, դրա արձագանքները նկատելի են նախընտրական քարոզչության ընթացքում։Դա ավելի կսրի՞ Թուրքիայի և Հայաստանի առանց այն էլ լարված հարաբերությունները:
Այդպիսի հարաբերություններ չկան: Իսկ եթե դրանք չկան, ապա ինչպե՞ս կարող են վատանալ:
-Հարցս այլ կերպ տամ. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։
-Տարբերությունն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին լարվածություն չկա, բոլոր դեպքերում` միայն քաղաքական: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կա լարվածություն, և այն Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
-Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը: Հիմա իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։
-Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը դրա կարողությունը չունի։ Նրանք մեծ գումարներ են ծախսում զենք գնելու համար, սակայն դա հաղթանակի երաշխիք չէ:
-Ռուսաստանի կողմից գլխավորվող մաքսային միությանը անդամակցելու ձգտումը, պայմանավորվա՞ծ է Հայաստանի պաշտպանության նպատակով:
-Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա նորություն չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս ենք դարձել, և Ռուսաստանի հետ համագործակցության բազում համաձայնագրեր ենք կնքել անցած տարիների ընթացքում:
-Բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է վաճառել ...
-Մեզ համար դա շատ ցավոտ հարց է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի: Եվ չնայած Ռուսաստանը զենք է վաճառում, ես վստահ եմ, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը պատվով կկատարի ստանձնած պարտավորությունները։
- Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները բարդացնո՞ւմ են արդյոք հարաբերությունները Եվրոպայի հետ՝ ուկրաինական իրադարձությունների համատեքստում:
-Պարզ է, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը հաճելի չէ եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։
- Ո՞ւմ եք հրավիրել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։
- Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին: Այդպիսի առաջնորդ էր Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները:
- Պատասխաններ կա՞ն:
- Պատասխաններ չենք ստացել, առջևում դեռ շատ ժամանակ կա։