Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքները (լուսանկարներ)
Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումներն այս տարի արդեն ավարտվել են: Սպիտակ քաղաքի պեղումները մեկնարկել էին հունիսի 25-ին: Պեղումների ընթացքում բացվել է վաղքրիստոնեական եզակի դամբարան: Panorama.am-ի հետ զրույցում պեղումների արդյունքները ներկայացրեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարը Համլետ Պետրոսյանը:
«Նախորդ տարի Տիգրանակերտում մենք բացել էինք 5-րդ դարով թվագրվող եկեղեցի: Այս տարի եկեղեցու արևելյան խորանի տակ բացվեց դամաբարան, որը, նախնական տվյալներով, կրկին 5-րդ դարով է թվագրվում»,- ասաց հնագետը:
Հայտնաբերած նոր եկեղեցին, ըստ հնագետի, հավանաբար, ավելի վաղ շրջանում է կառուցվել, քան նախկինում հայտնաբերածը:
Դամբարանն ունի արևմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Տիգրանակետում բացված դամբարանը, ըստ նրա, նման է Ամարասի Գրիգորիսի դամբարանին:
Հ. Պետրոսյանն ասաց, որ նորահայտ եկեղեցու արևմտյան բակում բացվել է տապանաբակ, որտեղ հայտնաբերվել է մեծ սարկոֆագ, վաղ քրիստոնեական քարարկղեր:
«Երևի մեզ հայտնի ամենամեծ սարկոֆագն է, որի պեղումները կսկսվեն հաջորդ տարի»,- ասաց նա:
Նորահայտ եկեղեցին և տապանաբակը
Եկեղեցու արևմտյան տապանաբակի պեղումները
Տիգրանակերտ, վաղքրիստոնեական սալարկղալին թաղման պեղումները
Պեղումների ընթացքում բացվել է նաև Տիգրանի կառուցած ամրոցի հյուսիսային պարիսպը` 250 մետր, շրջանաձև աշտարակով. «Ամրոցը բաղկացած է ուղղանկյուն և կլոր աշտարակներից, որոնք հաջորդում են իրար: Այս տարի բացել ենք հերթական կլոր աշտարակը»:
Պեղումների ընթացքում բացվել է նաև բնակելի-տնտեսական համալիրներ:
Խոհանոցային կճուճներ նման համալիրներից մեկում, 10-11-րդ դարեր
«Տիգրանակերտում այս տարվա պեղումները ավարտեցինք: Հայտնաբերած իրերը պետք է բերենք Երևանի Պետական համալսարանի հնագիտական լաբորատորիա վերականգնելու»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ պեղումներ են սկսել Ամարասում, որտեղ բացվել է Գրիգորիսի դամբարանի արևելյան հատվածը` աստիճաններ շքամուտք, սրբատաշ հարթակ:
Ամարաս
Ամարաս
Գրիգորիսի դամբարան-մատուռի արևելյան խորշը
Ամարաս
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Տիգրանակերտ
Տիգրանակերտ, վաղքրիստոնեական հրապարակ
Լուսանկարները` Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան