Գյուղացու աշունը. Մեղր չկա
Մեղվապահները չեն կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է նման վատ տարի եղել: Մեղրը քիչ է, իսկ դա վտանգավոր հետևանքեր կարող է ունենալ նաև ձմռանը պատրաստվող մեղուների համար: Ղարաբաղից մինչև Նոյեմբերյան ու Արթիկ նույն վիճակն է:
«Մեղվաբույծների համար վատ տարի էր նաև 2000 թվականը, երբ երաշտ եղավ, բայց ոչ այս աստիճան»,- Panorama.am-ին ասաց Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ջիվան Ասլանյանը:
ՀԿ նախագահը զրուցել է բոլոր մարզերի մեղվաբույծների հետ, բոլորն էլ դժգոհ են, միջին թվով մեղվաընտանիք ունեցող ֆերմերներն այս տարի ծախու մեղր չունեն. «Նրանցից շատերը վաճառում են նախորդ տարիներին չվաճառված մեղրը: Մարդիկ կան, որ նախորդ տարվանից մեղր ունեն»:
Ասլանյանի խոսքով, մեղրի լավ բերք հաջողվել է ապահովել այն ֆերմերներին, ովքեր կարողացել են մի 5-6 անգամ տեղափոխվել: Իսկ դա ծախսերի հետ է կապված ու բոլորին հասու չէ. «Չէի ասի, որ շատերն են կարողացել մի քանի անգամ տեղափոխվել: Քոչվորությունը ծախսատար ու ժամանակատար պրոցես է, ոչ բոլորին հասանելի: Երբ ցածրադիր վայրում բուսականությունը չորանում է, տեղափոխվում ես բարձրադիր վայր, հետո նորից իջեցնում են Արարատյան դաշտավայր»
Մեղրի արտադրության համար այս տարի բնակլիմայական պայմանները չափազանց անբարենպաստ էին:
«Գարունը շուտ եկավ, հետո, հիշում եք, ցուրտ էր, հետո երկար ժամանակ անձրևներ՝ քամու ուղեկցությամբ: Դրանք բոլորն էլ մեղվի թռիչքի համար խիստ բացասական երևույթներ են: Պետք է ջերմություն լինի, որպեսզի բուսականություն լինի, նեկտար արտադրվի, որ մեղուն կարողանա բերք հավաքել: Ընդհանրապես նախորդ տարվա հետ համեմատել չի կարելի»,-իրավիճակը ներկայացրեց Ասլանյանը, ավելացնելով, որ նախորդ տարի մեղրի բերքն առատ էր:
Ամբարած մեղրի նվազ քանակությունը վտանգավոր է նաև մեղուների համար, բացատրում է մասնագետը. «Այսօր այնքան քիչ է մեղրի պաշարը, որ եթե ձմեռը երկարի, շատ հնարավոր է մեղուների անկում ունենանք: Ես մեծ մտահոգություններ ունեմ այս առումով, թե ինչքան մեղվաընտանիք առողջ դուրս կգա գարնանը: Հետո որ տարին լավ չէ, մեղվաընտանիքները քիչ քանակությամբ են գնում ձմեռելու, իսկ ձմռան ընթացքում նրանցից շատերը սատկում են: Եթե շատ քանակություն է լինում, էլի մնում են, իսկ եթե քիչ քանակությամբ են գնում ձմեռելու, արդեն ռիսկային է դառնում»:
Ինչո՞ւ չենք արտահանում մեղր: Նախորդ տարի Հայաստանն ընդգրկվեց ԵՄ մեղր արտահանելու թույլտվություն ունեցող երկրների շարքում: ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, դրանից հետո խոշոր արտադրողներ չեն դիմել ծառայությանը՝ արտահանելու թույլտվություն ստանալու հայտով: Մեղր արտահանում են շատ փոքր խմբաքանակներով: Ծառայությունից խոստացան ավելի ուշ տրամադրել վերջին երկու տարում մեղրի արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ:
Ջ. Ասլանյանի խոսքով, Եվրոպական երկրներում մեղրն էժան է, իսկ Հայաստանում մանրածախ գները բավականին բարձր են:
«1 կգ մեղրը Հայաստանում արժե 3500-4000 դրամ, այսինքն մոտ 10 դոլլար: Երևի աշխարհում ամենաթանկ մեղրը Հայաստանում է: Իսկ ԵՄ երկրներում մեղրը բավականաչափ էժան է, շուկան գրաված ընկերություններն առաջարկում են ցածր գին»,-ասաց Ջ. Ասլանյանը, հավելելով, որ նման պարագայում մեղր արտահանելը ձեռնտու չէ:
Բացի ցածր գինը, նաև արտահանման պայմաններն են բավականաչափ խիստ. «Կառավարությունը հաստատել է, թե ինչ տեղեկանքներ են հարկավոր, առողջության և այլնի վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան