Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի. Սաիյանը՝ լրամշակված փաթեթի մասին
Աշխատող մայրիկների հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստը կրճատելու հաշվին չաշխատող մայրիկներին նպաստ տրամադրելու վերաբերյալ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը Panorama.am-ի հետ զրույցում զուտ առաջարկություն որակեց, որը քննարկումների կարիք ունի:
«Դրանք զուտ առաջարկություններ են, որոնք կարիք ունեն քննարկումների, արդեն իսկ այդ քննարկումների արդյունքում կառավարությանը ներկայացված նախագծում իրականացվել են որոշակի փոփոխություններ»,-ասաց Ծառայության պետի տեղակալը:
Հիշեցնենք, որ գործադիրը վերջին նիստում հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փոփոխություններով առաջարկվում էր, կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:
«Քննարկումների արդյունքում մենք փաթեթի լրամշակված տարբերակն ենք ուղարկել կառավարություն, որտեղից հանված է այն կետը, որով նախատեսվում էր երեխայի խնամքի նպաստի տևողությունը գործող երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի, հիմա նման խնդիր գոյություն չունի, այդ թեման փակված է»,-ներկայացրեց Ս. Սաիյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան հասկանում է բողոքող մայրերին, միաժամանակ նշում է, որ սա չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու տարբերակներից մեկն է, որը քննարկման նպատակով ներկայացվել է կառավարությանը:
Բանն այն է, որ գործադիրում մտադիր են 2016 թվականի հունվարի 1-ից հղիության և ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) տրամադրել նաև չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66 հազար դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230 հազար դրամ գումար: Եթե օրենքն ընդունվի, ապա նախատեսված է, որ աշխատողների նպաստի չափը կնվազի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Տնտեսված գումարները՝ 2-3 մլրդ դրամ բավարար չեն չաշխատող մայրիկներին նպաստ տրամադրելու համար, ուստի կավելացվեն նաև պետբյուջեից տրամադրված միջոցներ:
Ծառայության ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանում տարեկան ծնվում է 42-43 հազար երեխա, նրանցից 13-13.5 հազարին տրամադրվում է հղիության և ծննդաբերության նպաստ, այսինքն նրանք աշխատողներն են, իսկ մնացած 29.5-30 հազարը չաշխատող մայրերն են, որոնք որևէ նպաստ չեն ստանում:
«Խոսքն այն մասին է, որ մենք 30 հազար կնոջ տրամադրելու ենք գումար, իսկ գումարի չափը սիմվոլիկ չի լինելու՝ 5-10 հազար դրամ, որը խնդիր չի լուծում: Այսօրվա պարագայում 230 հազար դրամ՝ առանց հարկերի, սա կարծում եմ, ռեալ աջակցություն է: Իսկ եթե 2016-ից նվազագույն աշխատավարձը սահմանվի 80 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, ապա յուրաքանչյուր կնոջ վճարվող նպաստը կկզամի 275-280 հազար դրամ՝ առանց հարկերի»,-բացատրեց Սաիյանը, նկատելով, որ այս պարագայում պետբյուջեից տարեկան 11 մլրդ դրամ պետք է հատկացվի:
2014 թվականի բյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի համար նախատեսված է 11-12 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա բյուջեով՝ 10 մլրդ դրամ:
Օրինակ, 2014-ի մայիսին առավելագույն չափը գերազանցող նպաստ ստացողների թիվը կազմել է 70: Նրանց առավելագույն չափից ավելի վճարվել է 35-40 մլն դրամ, իսկ եթե առաջարկվող օրենքն ընդունվի, սա շուրջ 130 չաշխատող մոր ծննդաբերություն ու հղիության նպաստ է. «Կարծում եմ, թվերը խոսուն են»:
Ծառայության պետի տեղակալի ներկայացմամբ, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հասցեականության մասին բազմիցս կասկածներ են հայտնել թե վերահսկիչ պալատը, թե ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը:
«Այդ կառույցների ուսումնասիրությունների արդյունքում այստեղ բավականին լուրջ խնդիրներ են արձանագրվել: Այսինքն, այդ նպաստի հաշվարկման կարգն այնպիսին է, որ պետությունը զրկված է այդ ծախսերի հասցեականության վրա վերահսկողություն սահմանել»,-ասաց Սաիյանը, ներկայացնելով օրինակ, երբ կինը աշխատանքի է ընդունվել ու մի քանի օր անց ստացել է հղիության ու ծննդաբերության նպաստ:
Նա նշեց, որ միջազգային պրակտիկայում ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը պայմանավորված է եղել աշխատանքային ստաժի տևողությամբ, հետո Հայաստանում այն պայմանավորված էր ապահովագրական ստաժի տևողության հետ:
«Մենք ասում են, բերենք այնպես չանենք, որ միայն խորամանկներն ու կապեր ունեցողները ստանան, այլ բոլորը: Խնդիրը նոր չէ, հիմա հաշվի առնելով միջազգային փորձը ու հասցեականության բարձրացման խնդիրը, որոշվել է Հայաստանում էլ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել աշխատանքային ստաժի տևողությունը, որքան շատ է ստաժը, այնքան բարձր է ամսական միջին աշխատավարձը, իսկ հիմա մեր պրակտիկան աննախադեպ է, չի կարող չաշխատող մարդը ստանալ 100 տոկոս եկամուտ»,-բացատրեց նա:
Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին տարեկան 25-40 տոկոսով ավելանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար անհրաժեշտ միջոցների չափը:
«Ակնհայտ է, սա ոչ համահունչ է միջին աշխպատավարձի աճի տեմպերին, ոչ էլ Հայաստանում որևէ հիվանդության համաճարակ կամ ծնելիության բում չի եղել: Նշանակում է, որ այդ գումարների ավելացումը օբյեկտիվ չէ»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Սաիյանի խոսքով, այժմ այնպիսի քաղաքականություն է իրականացվում, որ հղիացող կինը երեխա ունենալու հետ կապված ֆինանսական խնդիրներ հնարավորինս չունենա:
«Այս քաղաքականությունը շարունակական է լինելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դժգոհություններին ու բողոքներին, ապա Սաիյանը նկատեց, որ չի հիշում մի դեպք, որ երբ գումարի կրճատումը ծափողջյուններով ընդունվի, մինչդեռ ամբողջ աշխարհում 2008-ից սկսած սոցիալական ոլորտում մի տրամաբանություն է գործում՝ սոցիալական ծախսերի կրճատում ու հասցեականության բարձրացում:
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսված է հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկել՝ պայմանավորված աշխատանքային ստաժի տևողությամբ:
Ըստ նախագծի, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
4) Առաջարկվում է չաշխատող մայրիկներին տրամադրել նաև հղիության և ծննդաբերության նպաստ, այն վերանվանվելու է մայրության նպաստ և սահմանվում է, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:
Նախորդող հրապարակում՝
Լավություն չաշխատող մայրերին՝ աշխատողների հաշվին. Նախագիծը պատգամավորին ու մայրիկներին ասացվածք հիշեցրեց