«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի 13 հավակնորդներից Արմեն Հարությունյանի, Արայիկ Մելքումյանի, Նորա Կարապետյանի փաստաթղթերն արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից ընդունվել են վերջնաժամկետից՝ սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ից հետո, ինչն աղաղակող ապօրինություն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենց պահանջով տրամադրվել է փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսանկարները, որը վարվել է արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից: Լ. Հակոբյանն ասաց, որ ուսումնասիրել են գրանցամատյանում տեղ գտած բոլոր տվյալներն ու արձանագրել մի շարք խախտումներ, այդ թվում նաև հենց վերը նշված խախտումը:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ անդամներ, փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Տիգրան Եգորյանը նշեցին, որ վերջնաժամկետի ավարտից հետո նախարարությունից հայտնել են, որ 11 հավակնորդ է ներկայացրել փաստաթղթեր, սակայն երկու օր անց նախարարությունը հայտարարություն է տարածում, որտեղ նշված է 14 հոգու անուն-ազգանուն, ովքեր ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը:
«Վերջնաժամկետից հետո փաստաթղթերի ընդունումը միջազգային պրակտիկայում համարվում է հովանավորչություն»,- ընդգծեց Լ. Հակոբյանը:
Նրանք կոչ են անում այդ երեք հավակնորդներին ինքնաբացարկ ներկայացնել, իսկ մրցութային հանձնաժողովի այն անդամներին, ովքեր խոսում են թափանցիկության անհրաժեշտության մասին, կոչ են անում հետամուտ լինել իրենց կողմից հրապարակված փաստաթղթերին, պատշաճ ուսումնասիրության ենթարկել, համապատասախան գործողություններ ձեռնարկել, ներկայացնել և ընդգրկել հանձնաժողովի օրակարգում և հրատապության կարգով քննարկել բոլոր կեղծիքները:
Միաժամանակ կոչով դիմեցին հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին, բոլոր փաստաթղթերի տպագրման, ստեղծման հետ կապված պատշաճ քննություն իրականացնել, որոնց արդյունքում հնարավոր է բացահայտել բոլոր կեղծիքները:
Անդրադառնալով այն փաստին, որ արդարադատության նախարարությունից մինչև փաստաթղթերի վերջնաժամկետը չէին նշում, թե ովքեր են հավակնորդներն այն պատճառաբանությամբ, թե հենց հավակնորդներն իրենք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները, ապատեղակատվություն է, քանի որ նրանցից և ոչ մեկի դիմումում նման խնդրանք, պահանջ նշված չի եղել:
Նշենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը կայանալու է հոկտեմբերի 6-ին: 14 հավակնորդ էին ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Հարցազրուցի փուլ չէր անցել Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս Արման Ֆրեդերիկի Սարվարյանը, իսկ Արմեն Մելքումյանը, ինչպես նշեցին այսօրվա բանախոսները, ինքնաբացարկ է հայտնել:
Նախորդող հրապարակումներ՝
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները