«Ռեանիմանիա» փառատոնը Հայաստան է բերում հայտնի անիմատորների և անիմացիոն ֆիլմեր
Հոկտեմբերի 25-31-ը Երևանում անցկացվելու է «Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անմիացիոն կինոփառատոնը: Բացման արարողությունը կայանալու է «Մոսկվա» կինոթատրոնում: Panorama.am-ի հետ զրուցում կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ այս տարի ստացել են փառատոնի համար ռեկորդային թվով հայտեր՝ շուրջ 850:
«Աննախադեպ էր, քանի որ անցած տարի ստացել էինք շուրջ 500 հայտ: Հայտերի թիվը մեզ տեղիք է տալիս մտածելու, որ մեր փառատոնը միջազգային ասպարեզում արդեն իսկ բավականին ճանաչում ունի, քանի որ անիմացիոն կինոյի արտադրությունն ամբողջ աշխարհում մեծ չէ: Այսօր ամբողջ աշխարհում, ի տարբերություն խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, անիմացիոն ֆիլմեր շատ չեն նկարահանվում, քանի որ բավականին ծախսատար է: Անիմացիոն կինոփառատոնները սկսում են հետևել անիմացիոն նոր զարգացող նախագծերին, որպեսզի կարողանան պատրաստի ֆիլմերը բերել ու ցուցադրել փառատոներում»,- նշեց նա:
Փառատոնը բացվելու է ֆրանսիացի ռեժիորներ Ս. Բերլայի և Մ. Մալզյոնի «Ջեքը և կկվող ժամացույց սիրտը» անիմացիոն ֆիլմով: Ս. Բերլան անձամբ է ներկա լինելու փառատոնի բացմանը:
Փառատոնի վեց մրցութային անվանակարգում՝ լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային և ուսուցողական, ավարտական, երաժշտական անմիացիոն հոլովակներ և լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար լավագույն գաղափար, ներկայացվելու է շուրջ 200 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: Փառատոնն, ըստ Ր. Մովսիսյանի, ունի նաև հարուստ արտամրցութային ծրագիր: Փառատոնային օրերին կայանալու է վեց ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա, ինչպես նաև հոբելյանական ծրագիր՝ նվիրված շոտլանդացի հայտնի անիմատոր Նորման ՄակԼարենի 100-ամյակին և հայ նկարիչ-բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակին:
Մրցութային ծրագրում ընդգրկված է միայն հայկական մեկ անմիացիոն ֆիլմ՝ «Կույրը»: Լինելու են հայկական անիմացիային նվիրված առանձին բաժիններ. ներկայացվելու է 2009-2013 թթ. նկարահանված անիմացիոն ֆիլմերը և հայկական անիմացիայի 76 տարվա պատմության ընթացքում նկարահանված լավագույն ֆիլմերը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է նաև աշխարհի տասը լավագույն անիմացիոն ստուդիաների մեջ մտնող «Ֆոլիմաժ» ստուդիայի վերջին տարիներին արտադրած ֆիլմերը: Փառատոնին ներկա է լինելու անձամբ այդ ստուդիայի կոմպոզիտորը:
Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել երևանյան փառատոնին, իր փոքրիկ բյուջեով Հայաստան բերել համաշխարհային անմիացիայի լավագույն ֆիլմերը հարցին, Ր. Մովսիսյանը պատասխանեց. «Վեց տարի առաջ, որ ստեղծվեց փառատոնը, առաջին նախապայմանն էր՝ կապ հաստատել անիմացիոն ոլորտում գոյություն ունեցող կարևոր ստուդիաների, փառատոների հետ: Մեզ մոտ դա ստացվեց: Այսօր մեր փառատոնի միջազգային բաժնի ղեկավարն է անիմացիոն միջազգային ամենահեղինակավոր փառատոնի՝ «Անիս»-ի նախկին գեղարվեստական ղեկավար Տիցիանա Լոսկին: Իր ունեցած, մեր ունեցած կապերի միջոցով կարողացանք այդ անիմացիոն ֆիլմերի ցուցադրման իրավունքները ձեռք բերել»:
Ր. Մովսիսյանը նաև ասաց, որ «Ռեանիմանիա» փառատոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդ անմիատորներին միջազգային լավագույն ստուդիաներում վարպետություն դասընթացների մասնակցել: Անիմատոր Լևոն Պետրոսյանը, ով վարպետության դասընթաց է անցնում աշխարհի տիկնիկային անիմացիոն ամենամեծ ստուդիայում, որտեղ սովորելը բավականին թանկ է, վերադառնալուց հետո մտադիր է Հայաստանում ստեղծել տիկնիկային անիմացիոն ստուդիա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին