Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում երեխաների թունավորումը իրավասու մարմինների դանդաղկոտության, անգործության, պետական ապարատին ու ոչ թե երեխաներին պաշտպանելու մոլուցքի հետևանք է: Նման կարծիք Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ Եղվարդում վերջին տվյալներով հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել։ Բոլորն էլ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներն են։ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նոր Նորքի երկու մանակապարտեզներին փչացած հավեր մատակարարելու աղմկահարոույց դեպքից հետո ՀԿ նախագահը կառավարությանը ներկայացրել էր փաթեթ մանկապարտեզներին սնունդ մատակարարելու համար հայտարարվող մրցույթներիի կարգի փոփոխման վերաբերյալ:
«Դանակը հասավ ոսկորին, գոնե սրանից հետո խելքի գան: Առաջարկությունների վերաբերյալ պատկան մարմինների կողմից կարծիքներն այնպես էին խեղաթյուրվել, որ գործընթացը դանդաղեց: Սակայն Ֆինանսների նախարարությունում քննարկման ժամանակ ֆիննախը եզրակացություն ուղարկեց, որի շնորհիվ կառավարությունում պատկերացրեցին խնդիրը, իսկ մյուս մարմինները խեղաթյուրել էին պրոբլեմը: Մենք խնդրել էինք, գոնե Երևանի մանկապարտեզները ստուգել, մենք պատրաստ էինք անշահախնդիր, առանց որևէ գումարի օգնել խնդիրը լուծելու համար»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա հիշեցնում է, որ սննդամթերքի անվտանգությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ տարր է, իսկ այդ անվտանգությունն ապահովողները պետք է լինեն գործող ազատամարտիկներ, որոնք պայքարում են այդ անվտանգության համար:
«Մինչև այսօր գործող ազատամարտիկ չեն: Դեռևս երեք-չորս ամիս առաջ, երբ փչացած հավեր մանկապարտեզներին մատկարարելու դեպքին անդրադառնում էինք, միշտ ասում էին, որ եթե այս տեմպով շարունակեն վերաբերվել սննդամթերքի անվտանգությանը, ապա ունենալու ենք վատ հետևանք: Սա ցավով եմ նշում: Միջին ծանրությունից վատ հետևանք չեմ էլ ուզում արտաբերել, թե որը կարող էր լինել»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով, երբ բախվում ենք պրոբլեմին, պատկան մարմինները ողջ ջանքերն ուղղում են ոչ թե խնդրի լուծմանը, այլ դրա թաքցնելուն, սկսում են պետական ապարատի պաշտպանությանն ուղղված տեքստեր հրապարակել:
ՀԿ նախագահը հիշեցնում է, որ կառավարությանը ներկայացրած փաթեթով առաջարկել է հաշվի առնել մատակարարող ընկերության սննդի տեղափոխման, պահպանման պայմանների առկայությանը, ձևավորել հանձնաժողով, որը կսահմաներ տվյալ մթերքի իրատեսական գինը, որից ցածր գինն առաջարկողին դիտարկել առավել ռիսկային ու խստացվեր վերահսկողությունը նրա նկատմամբ, աուդիտ իրականացնել, թե այդ ընկերությունները որ նման ցածր գնով սնունդ են մատակարարում, որտեղից են ձեռք բերում, ինչ են ձեռք բերում:
«Եթե մարդը փտած հավ է մատակարարում ու դրա մասին մենք մինչ այսօր ոչ մի բան չգիտենք, նաև տնտեսվարողը չգիտի, պետության ներսում այդ աղմուկը չկա, անտարբերության ֆոնը չի նվազելու: Սա համակարգային խնդիր է, սա մի դեպքի խնդիր չէ, հերթական մեկ դեպք, հերթական մեկ դեպք, ինչքա՞ն»,-նկատեց նա:
Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը Panorama.am-ին հայտնեց, որ մանկապարտեզին սնունդ մատակարարում է չորս կազմակերպություն:
«Այս պահին հստակ չենք, կարող ասել, թե որ մատակարարի սնունդ են կերել երեխաները: Այս պահին ոչ մի կերպ հնարավոր չէ ասել, որ մատակարարն է մեղավոր: Ամեն ինչ պարզ կլինի փորձաքննությունից հետո»,-ասաց Վ. Մուրադխանյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա