Երեխայի խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով է վիրաբուժական միջամտություն կատարվել. Վիլյամ Խաչատրյան
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 20 րոպե տևողությամբ գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջոամտությունից հետո անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վիրահատությունը ծրագրածի նման բարեհաջող է ավարտվել:
«Վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել: Կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: Ստացած տրամվայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգանյին ճնշումը, ինչ էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»,- պարզաբանել է մասնագետը:
Նրա խոսքով` երեխայի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակն է պատճառ հանդիսացել, որպեսզի առաջատար մասնագետները վիրաբուժական միջամտություն կատարելու համատեղ կարևոր որոշում կայացնեն:
«Վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտության հարցում մենք միակարծիք էինք : Համոզված եմ աշխարհի ոչ մի այլ լավագույն կլինիկայում ավելին չէր կարող արվել: Այս հիվանդանոցը պատրաստ է ամեն վայրկյան, ամեն հնարավորություն օգտագործելուն, ծանր ռեժիմով աշխատանքին»,- հավելել է պրոֆեսոր Խաչատրյանը: