«Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների»
«Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը»,- սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ «Ո՞րքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար», ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարցին, թե՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում Ադրբեջանին և դա ինչպե՞ս է ազդում Մոսկվայի հետ ձեր հարաբերությունների վրա», ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր:
Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների Նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում:
Մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների, առաջարկներին: Մենք ողջունել ենք համանախագահ երկրների հինգ հայտարարությունները և նշել, որ պատրաստ ենք գնալու կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների և տարրերի հիման վրա»:
Ի պատասխան հարցի, թե՝ «Որտե՞ղ ենք այս հակամարտության հետ կապված բանակցություններում, երկու տասնամյակ Մինսկի խմբի բանակցություններում տեղաշարժ չի նկատվում: Արդյո՞ք հզոր տերությունների շահերից է բխում Կովկասում այս տարածքային վեճի կարգավորումը». Է. Նալբանդյանը նշել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է մեղադրենք մեծ տերություններին կամ փոքր երկրներին, կամ այլոց: Վերջին վեց տարիների ընթացքում երեք համանախագահները մեծ ջանքեր են գործադրել որպես միջնորդներ, կազմակերպել են շուրջ 20 գագաթաժողովներ, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, տարածաշրջանային անթիվ այցեր են իրականացրել:
Իրականում, հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը, հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները»:
«Արդյո՞ք Ադրբեջանը ավելի ուժեղ է` հաշվի առնելով իր էներգետիկ ռեսուրսները` գազը և նավթը» հարցին ի պատասխան՝ արտգործանաարարն ասել է. «Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել:
Բոլոր պատերազմներից հետո կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը»: