Լավ թատրոն ունենք. Հակոբ Ղազանչյան
Թատրոնի միջազգային օրը կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Կարելի է ասել, այն հայաստանյան թատերական կյանքում ամենակարևոր, ամենասպասված իրադարձություններից է: Մրցանակաբաշխության, և առհասարակ՝ ժամանակակից հայ թատրոնի մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:
-Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կայանալու է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ի՞նչ է տալիս այն թատերարվետին:
-«Արտավազդ» մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատրոնի լավագույն էջերի, պոռթկումների պրոպագանդման լավագույն հարթակն է, այն խթան է թատրոնների աշխատանքի համար: Թատերական գլխավոր մրցանակաբաշխությունն է, թատրոնները հանդիսատեսին են ներկայացնում մեկ տարվա կատարած աշխատանքը: Այն նաև աշխուժացնում է մամուլը, հայտնվում են հրապարակումներ թատրոնների, դերասանների մասին, ինչի հետևանքով ընթերցողը, հանդիսաստեսը ծանոթանում է և դերասանների, և թատրոնների կատարած աշխատանքի հետ:
-Պարոն Ղազանչյան, կնշե՞ք այսօր մեր թատերական կյանքում ամենամեծ խնդիրը, որն ինչ-որ չափով խոչընդոտում է ռեժիսորների, դերասանների ստեղծագործական գործունեություն ծավալելուն:
-Խոչընդոտել կարող է միայն ու միայն մեկ հանգամանք՝ ստեղծագործության պակասը: Իհարկե, կա այլ տիպի խնդիր, որի մասին շատ է խոսվել, նաև խորհրդային շրջանում՝ աշխատավարձը: Շատ դեպքերում ցածր աշխատավարձի խնդիրը դարձվում է որպես գլխավոր: Իմ կարծիքով՝ գլխավոր խնդիրը ստեղծագործական մթնոլորտի առկայությունն է: Եթե կա ստեղծագործելու մթնոլորտ, դերասանները գալիս, աշխատում են, ծառայում են թատերական գործին: Կարծում եմ՝ եթե որևէ տեղ պրոբլեմ կա, միայն կապված է այն հանգամանքի հետ, որ լուրջ ստեղծագործական պրոցեսը կաղում է:
-Այսօր մեր թատերարվեստում կա՞ ստեղծագործական մտքի պակաս: Ոլորտի որոշ ներկայացուցիչներ դժգոհում են, որ դրամատուրգները քիչ են գրում:
-Ունենք ժամանակակից դրամատուրգներ: Իհարկե, լավ կլիներ, որ էլի լինեին: Բայց կա համաշխարհային գրականություն, հրաշալի հայկական գրականություն, գործերը կարող են վերածվել պիեսի ու բեմ բարձրանալ: Դրամատուրգների քիչ լինելը, իհարկե, կարող է խնդիր լինել, բայց ստեղծագործական պրոցեսն արգելակող խնդիր չի կարող լինել: Ինչ վերաբերում է ստեղծագործական մտքի պակասին, չի կարելի ընդհանուր խոսել: Գուցե կան կոլեկտիվներ, որտեղ այդպիսի խնդիր կա, բայց, բարեբախտաբար, հիմնականում շատ ակտիվ, լուրջ ստեղծագործական պրոցես է ընթանում մեր թատրոններում, բավականին հետաքրքիր երիտասարդություն կա և ռեժիսորների, և դերասանների շարքերում: Մեր թատրոններում սերնդափոխությունը նորմալ, բնականոն հունով է տեղի ունենում: Լավ թատրոն ունենք: Մեր նման ոչ մի փոքր երկիր չունի այսքան լիդեր: 7-8 պրոֆեսիոնալ, հետաքրքիր ռեժիսորներ ունենք, ովքեր բավականին հետաքրքիր ստեղծագործական պրոցեսներ են կազմակերպում իրենց թատրոններում:
-Պարոն Ղազանչյան ինչպիսի՞նն է հայ հանդիսատեսը և ի՞նչ ներկայացումներ է նախընտրում դիտել:
-Հանդիսատես-թատրոն կապը դրական զարգանում է, մի տեղ մի քիչ լավ, մի տեղ թույլ, բայց զարգացում կա: Հիմա ավելի շատ են գալիս թատրոն, ավելի շատ են կապվում թատրոնի հետ: Որոշակի խնդիրներ, իհարկե կան, բայց ժամանակի ընթացքում կվերանան: Ցավով նշեմ, որ արտերկրում, նույնիսկ ներկայացումներ կան, որոնք խաղում ենք հայերեն, առանց թարգմանության, քար լռումբ հետևում են՝ ծանոթ լինելով միայն թարգմանաբար ներկայացրած բեմադրության անոտացիային: Եվրոպացի, ինչպես նաև ռուս, վրացի հանդիսատեսի հետ չենք կարող համեմատել հայ հանդիսատեսին: Այս ուղղությամբ դեռ աշխատանք ունենք անելու: Հայ հանդիսատեսը նախընտրում է ժամանակակից դրամատուրգիան: Ժամանակից գործերն ավելի պահանջված են: Միշտ ցանկացել է ծանոթ մարդկանց տեսնել բեմում:
-Հասարակությունն այնքան էլ լավ չի ճանաչում այսօրվա մեր դերասաններին կամ միայն նրանց, ովքեր նկարահանվում են սերիալներում, ու այդպես կարծիք կազմում թատրոնի ամբողջ դերասանական կազմի մասին: Ի՞նչն է պատճառը:
-Բնականաբար, ունենք շատ լավ, տաղանդավոր դերասաններ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ քիչ են պրոպագանդվում: Նրանց միայն 5-10 տոկոսը հեռուստաէկրանին երևալու հնարավորություն ունի: Շատ կուզենայի, որ մեր հեռուսաընկերություններն ավելի շատ տեղ տային այդ մարդկանց: Պարտադիր չէ, որ ինչ-որ բան կատարվի ու այդ մարդկանց կանչեն եթեր՝ քաղաքականության, մշակութային քաղաքականության վերաբերյալ կարծիք հարցնելու համար: Կուզենայի, որ նրանց ստեղծագործական աշխատանքը պրոպագանդվեր, նրանց տեսնեին հեռուստաթատրոնի եթերում:
Ցավոք սրտի, եթերից տեսնում են դերասանների, ովքեր շատ դեպքերում գերի են վատ սցենարների, վատ նկարահանված սերիալների, անհասկանալի հումորիստների շոուների: Իհարկե, սերիալներում նկարահանվում են նաև տաղանդավոր դերասաններ: Այդ սերիալները շահում են այդ մարդկանց շնորհիվ: Բայց հիմնականում պրոպագանդվում են մարդիկ, ովքեր մշակույթի հետ բացարձակ կապ չունեն:
-Հայաստանյան թատրոններն ի՞նչ ներկայացումներ են պատրաստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
-Ինչպես երևանյան, այնպես էլ Գյումրիի Վարդան Աճեմյանի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները պարբերաբար անդրադառնում են այդ թեմային, մեկից ավելի ներկայացումներ ունեն խաղացանկում: Այդ թեման մեր մեջ է, պարբերաբար մեր այդ ողբերգության թեմայով ստեղծագործություններ ունենում ենք մեր խաղացանկերում, քանի որ մեր հավիտյան դատն է ու կապված չպետք է լինի տարելիցների հետ: Թատրոնների ապրիլյան խաղացանկը հագեցած կլինի Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացումներով: