Չիվա գյուղում գայլը հարձակվել է սիբեխ հավաքող կանանց վրա
Այսօր Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել. գյուղի դաշտում սիբեխ հավաքելու ժամանակ գայլը հարձակվել է կանանց վրա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը մեզ հետ զրույցում ներկայացնելով մանրամասներ, տեղեկացրեց, որ սիբեխ հավաքելու գնացած 5 կանանց վրա հարձակում գործած գայլը ճանկերով վնասել է երկու կանանց դեմքը, իսկ մյուսներին վնասվածքն հասցվել է մարմնի այլ մասերին: Այժմ, ըստ գյուղապետի, տարբեր վնասվածնքեր ստացած կանայք գտնվում են հիվանդանոցում:
«Ծեր գել ա, մենակ դաշտերում ման գալուց ա եղել, տեսել ա մարդկանց, հարձակվել: Ժողովրդի հետ տղամարդ ա եղել, դանակով հարվածել ա գելին, սպանել: Հիմա գայլի գլուխը տարել են անասնաբուժական լաբորատորիա՝ հետազոտելու կատաղած ա՞ եղել կենդանին, թե՞ ոչ, որ դրանից հետո կարողանան մարդկանց հետագա բուժումը կազմակերպեն», -փոխանցեց գյուղապետ Սարգսյանը:
Գյուղում գայլերի հարձակումը, ըստ գյուղապետի, նոր երևույթ է:
«Երկու գել կա, որ ձմեռվանից տարբեր դաշտերում ման են գալիս: Էս մեկը սպանվեց, մյուսն էլ դեռ ֆռֆռում ա»,- հավելեց պաշտոնյան: