Արցախի Թալիշ գյուղի գյուղապետը հերքել է «զինված ընդհարման» մասին ադրբեջանական լուրը
Վերջին ժամանակներում Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի սրման հետ կապված՝ տեղեկատվական դաշտում ևս աճել է ադրբեջանական սադրանքների և ԶԼՄ-ներում ապատեղեկատվության թիվը: Մասնավորապես՝ ադրբեջանական «Հաքքին.ազ» տեղեկատվական պորտալը նախօրեին հրապարակել է հերթական կեղծարարությունն այն մասին, թե իբր Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչների և «Հայաստանի ԶՈւ հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների» զինծառայողների միջև արձանագրվել է դիմակայություն: Ադրբեջանական կայքի նյութի համաձայն՝ Հայաստանի հատուկ ուժերն իբր թե պլանավորել են անցկացնել «հատուկ նշանակության գործողություն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Ընդ որում՝ ադրբեջանական կայքի աշխատակիցները, հավանաբար դիտելով հատուկ նշանակության գործողությունների մասին հոլիվուդյան ֆիլմեր, բավականին աղոտ են պատկերացնում հայկական ստորաբաժանումների գործողությունները, որոնք մտադրված ռազմական առաջադրանքի իրագործման համար երկու բեռնատարներով ստորաբաժանումներ չեն մտցնում խիտ բնակեցված հատված:
Բացի դրանից, «Հաքքին.ազ»-ը, հղում կատարելով «հայկական ԶԼՄ-ներին», չի շեշտում հստակ սկզբնաղբյուրը: Այնուհանդերձ, «դիմակայության մասին» խոսքերը վերագրելով Թալիշի գյուղական համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանին՝ կայքը թույլ է տվել սխալ՝ հավանաբար սեփական լսարանի հաշվարկով, որը դժվար թե չի ստուգի տեղեկատվության հավաստիությունը:
Մինչդեռ, Վիլեն Պետրոսյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, հերքեց ադրբեջանական կայքի լուրը՝ անվանելով այն «բացարձակ անհեթեթություն» և ընդգծելով, որ ինքը նման բան երբևէ չի ասել:
«Արցախի ցանկացած գյուղի բնակչության հարձակումը սեփական զինծառայողների վրա՝ ադրբեջանական քարոզչության ֆանտաստիկայի ժանրից է»,- հայտարարեց գյուղապետը:
Պետրոսյանը հաստատեց, որ իրենց գյուղում ամեն ինչ հանգիստ է, և տեղի բնակիչներն ակտիվորեն զբաղվում են հողագործությամբ, իսկ 1994 թվականին հրադադարի ռեժիմ կնքելուց հետո Թալիշ գյուղը հակառակորդի կողմից ոչ մի մարդկային կորուստ չի կրել, ինչպես փորձում է համոզել ադրբեջանական պորտալը:
Նյութեր թեմայի շուրջ՝
ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում մահացած հայ զինծառայողի վերաբերյալ
Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան