Ես կլինեմ Սեֆիլյանի կողքին. Հրանուշ Խառատյան
«Երկրում սպառվել և մաշվել է հրապարակային ու փողոցում կանգնած դժգոհության արտահայտման և այդ դժգոհությունը գործողությունների վերածելու պրակտիկան», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած գործողությունների մասին:
Այնուհետև շարունակեց. «Բայց մյուս կողմից ես նույն կարծիքին էի 2008 թվականին, սակայն այդ տարի ընտրություններից հետո իսկապես հզոր կամք ցուցաբերեց հանրությունը՝ իր հրապարակային բարձրաձայնումը արտահայտելով»:
Հիշեցնենք՝ օրերս «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «ռեժիմից ազատվելու համար» ապրիլի 24-ից սկսելու են հրապարակային պայքար:
«Որդեգրել ենք այնպիսի մարտավարություն, որը կկրի խաղաղ բնույթ: Մենք հասնելու ենք մեր նպատակին ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով: Նման դեպքում հակառակ կողմն ուզի, թե չուզի կամ պետք է գնա կոմպրոմիսի, կամ դիմի բռնի ուժի: Եթե համաձակվեն բռնի ուժ կիրառել, կստանան համապատասխան բռնի պատասխան: Հավանականությունը քիչ է, որ բռնության կդիմեն: Մենք այդ օրը դուրս ենք գալու այլևս տուն չվերադառնալու պայմանով: Շուրջօրյա հավաքներ են լինելու: Կվերադառնանք տուն այն ժամանակ, երբ հաջողվի ձերբազատվել այս ռեժիմից: Կարծում եմ՝ օրերի հարց է», -ասել էր Սեֆիլյանը՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ին որևէ խժդժություն չեն անելու ոչ Երևանում և չեն խանգարելու միջոցառումներին:
Բացատրելով այդ գործողությունների իմաստը, տիկին Խառատյանը չբացառեց այն, որ ապրիլի 24-ին արդեն իսկ մեծ բազմություն է դուրս գալիս և այդ բազմության մեջ անպայմանորեն կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ են ներկայիս իշխանությունների քաղաքականությանը:
«Սկզբունքորեն այդպես է, որ արդեն իսկ հրապարակ դուրս եկող մարդիկ կարող են իրենց մեջ կրել բացահայտ արտահայտվելու ցանկություն և կամք»,- նկատեց տիկին Խառատյանը:
Հարցին, թե արդյոք նա պաշտպանում է «ռեժիմից ազատվելու» նման մոտեցումը, ազգագրագետը պատասխանեց. «Ես բացահայտ պաշտպանում եմ այն մոտցումը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քանակական մեծամասնությունը ճնշված է մեր իշխանությունների պարագայում թե´ իր հասարակական կյանքի, թե´ իր անձնական կյանքի կառուցման հնարավորություններից: Որ նրանք դժգոհ են, դա կարող եմ բացահայտ ասել իմ դաշտային ուսումնասիրության արդյունքներից ելնելով: Բայց հայտնի չէ, թե քանիսը կարող են իրենց մեջ կամք, կարողություն և համարձակություն ունենալ հրապարակային ու շարունակական պայքար մղել, չեմ կարող ասել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք տիկին Խառատյանը այդ պայքարում կլինի Ժիրայր Սեֆիլյանի կողքին, նա պատասխանեց. «Ես կլինեմ Սեֆիլյանի կողքին»:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի կոչին քաղաքացիական անհնազանդություն դրսևորել և հրաժարվել մարել վարկային պարտավորությունները, տիկին Խառատյանն ասաց, որ դա ընդամենը կոչ է. «Այսպիսի տոկոսներով ու այսպիսի պայմաններով վարկեր աշխարհի ոչ մի երկրում չի լինում: Սա բացարձակ վաշխառություն է, ոչ թե վարկային քաղաքականություն, սա տնտեսական կործանման քաղաքականություն է: Այդ կոչը քաղաքացիական անհնազանդության ձև է, և իհարկե, պետությունը քայլեր կձեռնարկի պատժելու, ունեցվածք խլելու մարդկանց ձեռքից: Բայց ամեն անձ ինքը կարող է որոշել՝ ինչ է անում: Եվ մարդիկ եթե կարծում են, որ այս վիճակին հնազանդվելը ձև է, ի՞նչ կա որ, ճորտացումը ևս կյանքի ձևերից մեկն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո (տեսանյութ)
Ժ. Սեֆիլյան. Վարկերը չվճարելու իմ կոչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները