Գյումրիի սպանության գործ. «Եթե մեր իրավապահները նորմալ գործեին, ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չէինք լինի»
«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության հետ կապված, իհարկե, շատ հարցեր կան, որոնք պատասխան չունեն: Փորձաքննությունների եզրակացությունները էլի հարցեր են առաջացնում: Դատագենետիկական փորձաքննության արդյունքներից հետո տեսնենք՝ ինչ կստացվի»,- Գյումրի քաղաքում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Ըստ նրա, այս գործի կարևոր մեխն այն է՝ եթե ռուս զինծառայող Պերմյակովն է կատարել սպանությունը, ապա ինչո՞ւ:
«Այսօրվա դրությամբ, որքան ապացույց հավաքել ենք, ամեն ինչ պտտվում է հենց Պերմյակովի շուրջ, սակայն գենետիկականից հետո ավելի հստակ կարող ենք հարցերին տալ պատասխաններ», -ասաց նա:
Քննարկմանը ներկա փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս գործում այսքան հարցեր չէին լինի, եթե Վ. Պերմյակովին ձերբակալեին հայ իրավապահները:
«Այս վիճակում ենք մեր ոստիկանության անգործության պատճառով: Քննարկում ենք՝ Պերմյակովը պետք է փոխանցվի, թե հանձնվի, որտեղ պետք է լինի դատավարությունը, ինչ որ լեբեդևներ (նկատի ունի՝ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևին) են գալիս, կարծիքներ են հայտնում, թե այսքան օրից կավարտվի քննությունը, ձեր խնդրանքը լսել ենք ու դատավարությունն այս տարածքում կանենք, մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չպետք է լինեինք, եթե Հայաստանի ոստիկանությունն առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր: Նորմալ գործելու դեպքում Պերմյակովը կգտնվեր Հայաստանի իրավազորության ներքո, համապատասխան քրեակատարողական հիմնարկում, և մենք այսօր այս հարցերը չէինք քննարկի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ՝
Օլեգ Լեբեդև. Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում
Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում
Գյումրիի սպանության գործ. Այս պահին ձեռք բերված եզրակացությաններով՝ Պերմյակովը դեպքի վայրում մենակ է եղել
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան