1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
1965 թվականն այն սկզբնակետն էր, երբ 50 տարի լռելուց հետո առաջին անգամ բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության մասին: Բարձրաձայնողները հիմնականում երիտասարդներն էին, մտավորականները: Դժվարը սկիզբն էր:
1966 թվական: «Որոշեցինք, որ ապրիլի 24-ին նախ Կոմիտասի այգում կհավաքվենք, այնուհետև խաղաղ երթով դուրս կգանք քաղաք: Թամանյան փողոցով երբ գնում էինք պանթեոն, ինչ-որ տարրեր հայտնվեցին, փորձեցին մեզ խանգարել: Նրանց դա հաջողվեց: Երթը ցրեցին: Բայց Կոմիտասի այգում հավաքվել էր հոծ բազմություն: Ոչ մի ագրեսիա, հակասովետական լոզունգներ: Եթե կային էլ՝ միայն հակաթուրքական, Ղարաբաղի ու Նախիջևանի պահանջով»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Էդուարդ Բաղդասարյանը:
Նա պատմեց, որ բոլորը ցանկանում էին մոտենալ Կոմիտասի շիրիմին, ապա հիշեց տեղի ունեցած դեպքը, որի պատճառով էլ հինգ ու կես օր անցկացրել է բանտում. «Ես և գրողներից մեկը կանգնած զրուցում էինք Կոմիտասի զբոսայգում, մեր դժգոհություններն էինք արտահայտում: 33 տարեկան էի այդ ժամանակ: Միլիցիոներները կիրթ արտաքինով մի մարդու, ով 40 տարեկան կլիներ, թևերը ծալել էին ու հայհոյելով տանում էին: Չկարողացա ինձ զսպել, ես էլ բառերով հարձակվեցի միլիցիոներների վրա: Հետո պարզեցի, որ այդ մարդն աշխատում էր Մերգելյան ինստիտուտում, մի քանի գյուտերի հեղինակ էր: Այդ մարդը որևէ այնպիսի քայլ չէր արել, որ նրան բռնեին, ուղղակի կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու անձայն, կրկնում եմ՝ անձայն, լաց էր եղել: Էդ միլիցիոներներին ասացի՝ հակապետականը դուք եք, ժողովուրդը հակապետական գործեր չի անում: Ինձ նստեցրեցին Պաբեդա մակնիշի մեքենա ու տարան քաղմաս: Բավական երիտասարդներ կային այնտեղ, որոնց չէի ճանաչում: Հիմնականում Պետհամալսարանի ուսանողներ էին: Նրանց թվում էին նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը: Երկար ժամանակ մեզ սոված թողեցին: Ես նրանցից ավելի մեծ էի, մոտս էլ գումար կար: Միլիցիոներներից մեկին, ում ճանաչեցի, նա մեկ տարի առաջ էր ավարտել մեր ֆակուլտետը, ասացի գումար տամ գնա էս երեխաների համար ուտելիք բեր, նայեց ինձ ու ասաց. «Արա դու էլ ես այստեղ, ամոթ չի քեզ համար»: Ասացի՝ ռադդ քաշի, գնա: Մեկ ուրիշ միլիցիոների տվեցի գումարը, գնաց ուտելիք բերեց: Աղջիկների էլ էին բռնել: Նրանցից մեկին ես ճանաչեցի: Մայրը Մատենադարանում էր աշխատում, հայրն էլ ակադեմիկոս էր, Լենինգրադում էր ապրում: Ասացի այդ աղջկան, թե հեսա ուտելիք կբերեն, ձեզ էլ կտանք: Ինձ նայեց ատելությամբ, քարհամարհանքով: Զարմացա: Իրան թվացել էր, թե ես էլ եմ ոստիկան: Հետո երբ ինձ տեսնում էր, ներողություն էր խնդրում: Այնուհետև մեզ տարան բանտ: Մեզ մոտեցավ բանտապետը, փոխգնդապետ էր, հարցրեց թե ով է Մատենադարանի գիտաշխատող: Ասացի՝ ես: Քաղաքավարի զրուցեց հետս, ասաց, որ իր նախնիներն էլ են Արևմտյան Հայաստանից: Սակայն մի քանի քայլ հետո, մեկ ուրիշի հետ այնպիսի հայհոյանքով խոսեց, որ աչքիցս անմիջապես ընկավ»:
Հինգուկես օր են մնացել կալանքի տակ. «Ամեն ինչ թելադրված էր: Սակայն հասարակությունը ձայն էր բարձրացրել: Այդ օրերին Գրողների միությունում համագումար, թե նիստ է եղել, Պարույր Սևակը համաձակ ելույթ էր ունեցել, հօգուտ մեզ»:
Է. Բաղդասարյանը նաև նշեց, որ ԿԳԲ-ն իր անունը գրանցել էր, հետագայում չէին թողնում արտասահման գործուղման գնալ:
Այս շարքից՝
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին