1966 թվական. «...ո՞վ է Դանիել Վարուժանը, որտե՞ղ է, հլը դրան բերեք այստեղ»
«Իհարկե, ցավալի է, որ հայ մարդը պատժվում է ցեղասպանված իր նախնիների հիշատակը հարգելու, խնկարկելու և «Հայր մերն» ասելու համար»: Panorama.am-ի հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց գրող, հրապարակոս Տիգրան Գամաղելյանը՝ հիշելով 1966 թվականի ապրիլի 24-ն ու իր տասնօրյա ազատազրկումը:
Նա նախ պատմեց 1965 թվականի ապրիլի 24-ի մասին. «Հոծ բազմություն էր հավաքվել, ահռելի երթ եղավ: Մտավորականներ կային՝ Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը: Հովհաննես Շիրազին տնային կալանքի տակ էին պահել, երևի որ դուրս չգա երթի: ... Մտավորականներին վերահսկում էին նաև փողոցում»:
Այնուհետև՝ 1966 թվականի ապրիլի 24. «Մի խումբ ուսանողներով որոշեցինք 1966 թվականի ապրիլի 24-ին այցելել Կոմիտասի զբոսայգի: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա կարող է դիտվել քաղաքական ակցիա և մեզ կձերբակալեն: Կրկին հոծ բազմություն էր հավաքվել: Ժողովուրդը ինչպես 1965 թվականի, այնպես 1966-ի երթի ժամանակ, Կոմիտասի զբոսայգում միաբերան գոռում էր՝ վերադարձրեք հողերը: Վերևներին դուր չեկավ, կարգադրություն իջավ՝ փակել մեր բերանը: Ժողովուրդն անօրինական որևէ բան չէր անում: Սակայն Մոսկվայում վախենում էին, որ կարող է ափերից դուրս գա: Խորհրդային միության ահռելի տարածքում նման բան տեղի չէր ունեցել: Բացի այդ, իբր իրենց թուրք բարեկամների դուրը չի գա: Այդ ժամանակ հերոսություն էր հողերի մասին խոսելը, Ցեղասպանության վերաբերյալ մտքեր արտահայտելը, հոդվածները տպագրելը:
Եղանք Կոմիտասի շիրիմի մոտ, մեր խոնարհումը բերեցինք, «Հայր մերն» ասացինք: Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները մոտեցան մեզ՝ ասելով, թե ցրվեք: Հետո մոտեցավ միլիցիայի գեներալ Մարտիրոսյան մեկը՝ պահանջելով, որ հեռանանք: Մենք էլ ասացինք, թե անօրինական ոչինչ չենք անում, մեր խոնարհումն ենք բերում: Այնուհետև փողոցով գնում էինք, հասանք մամուլի շենքի մոտ: Կանգնեց մի մեքենա: Սարգսյան անունով մի երիտասարդ մոտեցավ մեզ: Նա ասաց, թե նստեք մեքենան մի քիչ զրուցենք, հետո կգնաք: Հարցրեցինք, թե ի՞նչ թեմայով պետք է զրուցենք: Ինքն էլ մեզ հարցրեց, թե եղե՞լ եք Կոմիտասի զբոսայգում: Ասացինք՝ այո: Հետո էլի ասաց՝ գնանք մի քիչ զրուցենք, հետո բաց կթողնեք ձեզ: Երիտասարդ տղաներ էինք, նստեցինք՝ չմտածելով, թե ուր են մեզ տանում:
Տարան Լենինյան շրջանի ոստիկանություն, իսկ հաջորդ օրը Երևանի ուղղիչ տուն: Մեզ ձերբակալեցին, իբր թե գազոններ ենք տրորել: Դա մահանա բռնեցին, որ մեզ դատեն: Ինչ-որ դատավոր զանգահարեց Կենտկոմ, հարցրեց, թե ինչքան պետք է նստեցնեն: Եկավ ասաց՝ վերևից ասում են, որ անպայման պետք է տասը օր նստեք:
Բանտում մեզ անարգում էին, ասում էին` հող եք ուզում, ահա հողը ու գլխներիս հող էին լցնում: Հիշում եմ՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանի գլխին գարշոկով հող լցրեցին՝ ասելով՝ հող ես ուզում, առ: Անարգանքներին հումորով էինք վերաբերում, մենք էլ իրենց էինք ձեռք առնում:
Տղաներից մեկի մոտ բլոկնոտ գտան: Մեջը Դանիել Վարուժանի տողերից կար գրված: Ոստիկանը վերցրեց այդ բլոկնոտը, կարդաց, ապա ասացին՝ ո՞վ է Վարուժանը, որտե՞ղ է, հլը դրան բերեք այստեղ: Տգետ էին, չգիտեին՝ ով է Դանիել Վարուժանը:
Իհարկե, այդ ամենը վիրավորական էր, բայց որևէ զրկանք ու պայման մեզ այնքան ցավ չէր պատճառում, որքան տրվող հարցը՝ ինչի՞ համար... »:
Այս շարքից՝
Ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը (տեսանյութ, լուսանկարներ)
1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան