Բջջայինների, WiFi սարքերի պատճառով դիմորդները հեռացվել են քննասենյակներից. ԳԹԿ տնօրենն ամփոփում է
«Պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների առաջին փուլը դեռևս մանրամասն չի վերլուծվել, բայց կարելի է ասել, որ արդյունքը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի՝ չնչին փոփոխություններով: Համամասնությունն ըստ առարկաների, միավորների, բուհերի պահպանվել է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ քննությունների առաջին փուլն ավարտվել է հունիսի 23-ին, իսկ հունիսի 24-ից արդեն մեկնարկել է լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Գ. Մելիքյանի խոսքով, առարկաների մեծ մասի դեպքում միջին միավորն ու քննություններից կտրվողների թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Այս տարի, ըստ ԳԹԿ տնօրենի, «Կենսաբանություն» առարկայից քննություն տվողների թիվը նախորդ տարվա համեմատ 120-ով ավելի է եղել, բարձր է եղել միջին գնահատականը, կտրվողների թիվը՝ պակաս: Գ. Մելիքյանն ասաց, որ «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաների հաշվին է ավելացել «Կենսաբանություն» առարկայից դիմորդների թիվը:
Ինչ վերաբերում է քննությունների արդյունքների բողոքարկմանը, նա հայտնեց, որ բողոքարկումն ընթացքի մեջ է. «Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է կառավարության կողմից: Արդեն կայացել է հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում հավաքագրվել, դասակարգվել են դիմում-բողոքները»:
Ըստ նրա, բողոքները մի քանի խմբի են բաժանված:
«Հունիսի 29-ից հետո կլինի բողոքարկման հանձնաժողովի նիստ: Այնուհետև վերջնական արդյունքները հաշվի առնված ցուցակները կփակցվեն բոլոր քննական կենտրոններում»,- ասաց Գ. Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ծածկագրերից օգտվելու դեպքերին, ԳԹԿ տնօրենն ասաց, որ նախորդ տարիների համեմատ նվազել են. «Ելնելով նախորդ տարիների փորձից, այս տարի մենք կարգում խստացում ենք կատարել. եթե նախորդ տարիներին դիմորդների գրպաններում հայտնաբերվում էին բջջային հեռախոսներ, կարգը թույլ չէր տալիս միանգամից նրանց հեռացնել քննասենյակից: Պետք է երկրորդ անգամ հայտնաբերեինք օգտագործելիս: Փոփոխություն տեղի ունեցավ և անկախ նրանից՝ դիմորդը օգտվում է, թե ոչ, հենց առաջին անգամ հայտնաբերելուց հետո հեռացվում է քննասենյակից: Խստացումը բավականաչափ ազդեցություն ունեցավ: Իհարկե, եղել են դեպքեր, որ հայտնաբերել ենք և բջջային, և WiFi սարք: Դիմորներն անմիջապես հեռացվել են քննասենյակից: Նրանք երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չունեն»:
Նշենք, որ քննությունների առաջին փուլին մասնակցել է 11 հազար 803 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա