Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության համար Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլար վարկից որևէ լումա չի տրամադրվի այլ ծախսերի համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարկ տրամադրելու մասին համաձայնագրի հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե վարկային այս պայմանագրի պայմանները հնարավորություն տալի՞ս են ՀՀ կառավարությանը օգտագործել գումարները նաև այլ նպատակով, ասենք էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորման համար:
«Որևիցե ցենտ, որևիցե լումա չի կարող ուղղվել այդ նպատակներին: Նշված գումարը ռուսական արտադրության զինամթերքի համար է, միմիայն սպառազինություն ձեռք բերելու համար է», -վստահեցրեց փոխնախարարը:
Ի դեպ, Նազարյանը համաձայնագիրը ներկայացնելիս նշեց, որ ձեռք է բերվելու ռուսական արտադրանքի այնպիսի զինամթերք, որը երբևէ ՀՀ պաշտպանության համակարգը չի ունեցել:
Նշենք, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով:
Նույն համաձայնագրով, 2018 թ. փետրվարի 15 -ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը: Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում `տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
Նախորդող հրապարակում՝
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին