Սահմանադրության նախագծին դեմ են նրանք, ովքեր 2018-ին ցանկանում են նախագահի թեկնածու լինել. Սամվել Նիկոյան
Սահմանադրական բարեփոխումները այսպես, թե այնպես ներքաղաքական կարևոր իրադարձություն են և ուզեք, թե չուզեք բոլոր քաղաքական ուժերը դրան մասնակից են դառնում կողմ արտահայտվելով, կողմ քարոզելով, պաշտպանելով կամ դեմ լինելով ու բոյկոտով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` «չնկատելու տալ փսեվդոքաղաքական այդ պրոցեսը, հնարավորինս հեռու մնալ նրանից»:
-Բայց կարծես Սահմանադրության փոփոխություններին դեմ արշավ չկա, քաղաքական ուժերը մի կողմ են քաշված, դիրքորոշում չեն հայտնում:
-Այս պահին դեմ արշավ չկա, բայց եթե դուք ուշադիր հետևում եք մամուլին, ապա այդ մասին խոսվում է, և արձակուրդից, շոգերից հետո դեմ արտահայտվողները կարող է կոնսոլիդացիա լինել: Ամեն ինչ հնարավոր է:
-Մտահոգիչ չե՞ք համարում, որ երկրի գլխավոր իրավական փաստաթղթի շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսենսուս չկա:
-Չի կարող բոլոր քաղաքական ուժերի կողմից ընկալելի կամ ընդունելի լինել Սահմանադրական փոփոխությունները: Այդպես չի լինում ոչ մի տեղ և նույնն էլ մեր երկրում չի կարող լինել, որովհետև յուրաքանչայուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումները, իր սպասումները, ակնկալիքները Սահմանադրական փոփոխություններից: Այն քաղաքական ուժերը, անհատները, որոնք ցանկություն ունեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին գործող Սահմանադրությամբ, բնականաբար, դրան դեմ կարտահայտվեն, որովհետև ցանկություն ունեն 2018-ին մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Այնպես որ զարմանալու բան չկա. այն, ինչ կատարվում է, շատ սպասելի է և որևէ անակնկալ ես չեմ տեսնում:
-Պարոն Նիկոյան, այնուամենայնիվ, շարունակում է մտահոգիչ համարվել Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածը`«կայուն մեծամասնություն» ձևավորելու համար ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Հնարավո՞ր է քննարկումների ինչ-որ փուլում այդ դրույթը հանվի և տեղափոխվի Ընտրական օրենսգիրք, ինչպես առաջարկել էր Վենետիկի հանձնաժողովը:
-Իմ կարծիքով, կայուն մեծամասնության գաղափարը ինքնանպատակ չէ, և ես համամիտ եմ այդ գաղափարին: Դա կլինի սահմանադրորեն ամրագրված, թե օրենսգրծքով, դա ուրիշ հարց է: Ես կայուն մեծամասնության գաղափարի կողմնակիցն եմ: Եթե պետության մեջ չի գործում այդ նորմը և պառլամենտական ընտրություններից հետո չի ձևավորվում կառավարություն, ապա դա մտահոգիչ է: Նայեք շատ երկրների, այդ թվում` Թուրքիայի, Իտալիայի փորձը: Ամեն դեպքում պառլամենտական ընտրություններից հետո չկա մեծամասնություն, որ չի կարող ձևավորել կառավարություն, միշտ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ: Կամ եթե նույնիսկ հնարավոր է լինում որևիցե քաղաքական ուժեր կազմեն կոալիցիա և ձևավորեն կառավարություն, եթե նրանք տարբեր քաղաքական հայացքների կողմնակիցներ են, ապա այդ կոալիցիան երկար կյանք չի ունենա: Կոալիցիան շատ դժվար է աշխատում, շատ դժվար է որոշումներ ընդունում և շատ հաճախ դրանք փլուզվում են, առաջանում է նորը ձևավորելու անհրաժեշտություն: Սա նշանակում է, որ այդպիսի շքեղություն մենք մեզ թույլ չենք կարող տալ, մեր երկիրն այնպիսին է, որ անհրաժեշտ կլինի շատ շտապ ձևավորել կառավարություն: Ահա այդ պատճառով էլ քաղաքական կայուն մեծամասնության գաղափարը ես կարևորում եմ:
-Սահմանդրության նախագծի ընդդիմախոսների շրջանում մտավախություններ կան, որ երկկուսակցական խորհրդարան կլինի: Դուք չունե՞ք նման մտահոգություն:
-Հայաստանում արդեն իսկ ձևավորվել է քաղաքական այն դաշտը, այն կուսակցությունների շրջանակը, որոնք պարբերաբար մասնակցում են ընտրություններին և պառլամենտում լինելու են: Ես կարծում եմ, որ ապագա պառլամենտը ևս բաղկացած կլինի 4-5 միգուցե ավել կուսակցություններից: Ես նման մտահոգություններ չունեմ:
-Խորհրդարանի որակյալ մեծամասնությանը, որի մեջ մտնում է նաև ընդդիմությունը, Սահմանադրության նախագծով հնարավորություն է տրվում մի քանի առանցքային պաշտոններում ղեկավարներ նշանակել…:
-Դա մտածված քայլ էր, որ ավելի բարձրացվի շեմը այդ կարևորագույն պաշտոններում ղեկավարներին ընտրությամբ նշանակելու հարցում: Եթե մի կողմից ասում ենք, որ անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, ապա մյուս կողմից մենք գտնում ենք, որ եթե կայուն մեծամասնությունը ինքնուրույն բոլոր հարցերը կարողանա լուծել, դա ժողովրդավարության, երկրի կառավարման տեսակետից այնքան էլ միանշանակ չի ընկալվում: Այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ առաջարկվում է, որ այդ կարևորագույն պաշտոններում ընտրությամբ նշանակումների խնդիրը պետք է լուծվի ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ որակյալ մեծամասնությամբ: Դրանով իսկ քաղաքական մեծամասնությանը Սահմանադրությունը ստիպում է, որ կարողանան աշխատել ընդդիմադիր քաղաքական դաշտի հետ կամ գնալ կոալիցիաների ձևավորման ճանապարհով: Ընտրվողը պետք է ընկալելի ու ընդունելի լինի ըւնդդիմության համար: Այսինքն` սա նշանակում է, որ նման որոշում կայացնելիս մեծամասնությունը ստիպված է Սահմանադրությամբ հաշվի առնել նաև ընդդիմության ձայնը: Սա է ամենակարևոր դրույթը: Մի կողմից Սահմանադրությունը պահանջում է կայուն մեծամասնություն, մյուս կողմից ամեն դեպքում, այդ կարևոր պաշտոնների նշանակման հարցում ստիպված է համագործակցել քաղաքական ընդդիմության հետ: Խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունն այն է, որ չկան հաղթողներ ու պարտվողներ: Այսինքն` ոչ մի քաղաքական ուժ և նրա թիկունքին կանգնած ընտրող պետական կառավարումից կտրված չի լինելու:
-Դուք ասում եք` խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրությամբ ստիպված է համագործակցել ընդդիմության հետ: Ստիպվա՞ծ է, թե՞ վախեր ունի, որ ընդդիմությունը փողոց դուրս կգա:
-Ոչ, դա ժողովորդավարական նորմ է: Եթե մենք մի կողմից ասում ենք, որ պետք է ունենալ կայուն մեծամասնություն, ապա մյուս կողմից էլ, ժողովրդավարական նորմերից ելնելով, պառլամենտում հայտնված յուրաքանչյուր քաղաքական ուժի պետք է հնարավորինս մասնակից դարձնել պետության մեջ կարևորագույն որոշումների ընդունմանը: Դա պառլամենտական համակարգի կարևորագույն նորմերից է:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ դատավորների «վախը չափողը» դառնում է ԱԺ-ն. Պարգև Օհանյան
Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան