Թուրքագետ. Թուրքիայում քրդամետ ԺՀԿ-ն արտահերթ ընտրություններով կանցնի
Թուրքիայում հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, մեկ տարվա ընթացքում արդեն 2-րդ խորհրդարանական ընտրությունը կանցկացվի: 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած առաջին ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած իշխող «Արդարություն և զարգացում» (40.8), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (24.9), «Ազգայնական շարժում» (համարվում է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը` 16.2) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (13.1) կուսակցություններից ոչ մեկը մեջլիսում մեծամասնություն չկազմեց:
Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն լինելու համար անհրաժեշտ է 550 պատգամավորից բաղկացած մեջլիսում ներկայացված լինել 276 պատգամավորով (50 տոկոս+1): Նման արդյունքը միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն կտար: Սակայն անգամ առավելագույն ձայն հավաքած ներկայիս իշխող ԱԶԿ-ն խորհրդարանում ստացավ 258 տեղ, իսկ ԺՀԿ-ն՝ 132, ԱՇԿ-ն՝ 80, ԺԴԿ-ն՝ 80: Սա նշանակում էր, որ 12 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայում պետք է ձևավորվեր կոալիցիոն կառավարություն:
Սակայն վարչապետ և իշխող կուսկացության նախագահ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանից կառավարություն կազմելու պարտականությունը ստանձնելուց հետո, սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում չկարողացավ հաջողության հասնել: Քրդամետ ԺԴԿ-ն ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ չի պատրաստվում ԱԶԿ-ի հետ մի կառավարության մեջ լինել, կամ որևէ այլ կերպ աջակցել: ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջ քաշեցին մի շարք պայմաններ, որոնցից մեկն էլ վերաբերում էր սահմանադրությանը:
Թուրքիայում տիրող ներքաղաքական ներկայիս վիճակի և արտահերթ ընտրությունների մասին Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:
Ըստ թուրքագետի` Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցությունը մի քանի տարի է ինչ պատրաստվում է սահմանադրության փոփոխության, որի առանցքային կետերից մեկն էլ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխմանը՝ խորհդարանականից անցում նախագահական կառավարման համակարգին: Այս կոնտեքստում ուշագրավ է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, թե ԱԶԿ-ի ձախողումը ժողովրդի պատասխանն է սահմանադրական բարեփոխումներին՝ ակնարկելով, որ այսպիսի պայմաններում, երբ ԱԶԿ-ն կորցրել է իր ընտրազանգվածի մի մասին, Էրդողանն այլևս չի կարող իր համար ցանկալի բարեփոխումներն անցկացնել:
«Թուրքիայում նոր խորհրդարան կընտրեն նոյեմբերի 1-ին: Հետևաբար, ԱԶԿ-ն ունի մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակ «ազատվելու» քրդամետ կուսակցությունից, որն էլ հենց Էրդողանի ծրագրերի ձախողման հիմնական «մեղավորն է» (Այս ընտրություններում քրդական կուսակցությունն արդյունքն ավելացրել է այնքան, որքան նախորդի համեմատ կորցրել է ԱԶԿ-ն): Իշխող կուսակցությունը ԺԴԿ-ին և նրա առաջնորդներին սկսել էր վարկաբեկել դեռևս կոալիցիոն կառավարության ձևավորման բանակցային փուլում, որը «համընկավ» «Քուրդիստանի բանվորական» կուսակցության զինյալների հետ բախումներին: Քրդերի ակտիվացումը իշխող կուսակցության և իշխանական լրատվական դաշտի կողմից սկսվեց կիրառվել քրդամետ կուսակցությանը սևացնելու համար, անգամ երբեմն ԺԴԿ-ին նույնականացում էին ՔԲԿ-ի հետ»,-նշեց Անահիտ Վեզիրյանը:
Թուրքագետի կանխատեսմամբ` քրդական կուսակցությունն առաջիկա ընտրություններում կհաղթահարի ընտրական 10 տոկոսի շեմը:
«Նախևառաջ ԺԴԿ-ն այլընտրանք է մյուս երեք կուսակցություններին, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ազգայնական են: Ի հակադրության նրանց ԺԴԿ-ն ներկայացվում է որպես հակաազգայնական կուսակցություն: Այն իրեն հռչակել է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների և կրոնների ներկայացուցիչների հատկապես բոլոր ճնշվածների (ազգային, կրոնական փոքրամասնություններ, ԼԳԲՏ համայնք) կուսակցություն: Այս կուսակցության աննախադեպ հաջողությունը պայմանվորված է հենց այս հանգամանքով: Այն կարողացավ իր կողմը գրավել ոչ միայն քրդերին, այլև Թուրքիայի հասարակության տարբերի շերտերին: Այս պահի դրությամբ Թուրքիայում չկա մեկ այլ կայացած կուսակցություն, որ կարող է հավակնել ԺԴԿ-ի ընտրազանգվածին:
Իսկ իշխանությունների կողմից ԺԴԿ-ին վարկաբեկելու, նրա դեմ ուղղված քայլերը (ըստ ընդդիմադիր, մասնավորապես գյուլեննակաների մամուլի՝ իշխանությունները հնարավոր է ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին արգելեն քաղաքականությամբ զբաղվել) կարող է հակադարձ էֆեկտը ունենալ:
Քրդամետ կուսակցության դեմ իշխանությունների այս մարտավարությունը ոչ այդքան կարող է անդրադառնալ ԺԴԿ-ի, որքան ԺՀԿ-ի և հատկապես ԱՇԿ-ի վրա: Բանն այն է, որ իշխանական ԱԶԿ-ն քրդերի դեմ սկսած այս բախումներն օգտագործելով փորձում է իր կողմը գրավել ոչ միայն քրդամետ ԺԴԿ-ի ընտրողներին՝ նրանց մոտ հիասթափության առաջացնելով, այլև ազգայնական տարրերին»-ասաց նա:
Վերջում թուրքագետը հավելեց, այն, որ ԺԴԿ-ն կհաղթահարի ընտրական շեմը, վկայում են նոր ընտրությունների հավանական արդյունքների վերաբերյալ արված սոցհարցումները: Վիճակագրական 3 տարբեր ընկերությունների կողմից կազմակերպված սոցհարցումների արդյունքները բավականին մոտ են միմյանց և մի փոքր տարբերությամբ համընկնում են վերջին ընտրության ընդհանուր պատկերին: