Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
Հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված խայտառակ իրավիճակը Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կառավարության ոչ հետևողական աշխատանքի արդյունքն է համարում:
«Այստեղ մենք միանշանակ տեսնում ենք, որ համակարգի բարեփոխումներն առաջ չեն գնում: Անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ոլորտի ղեկավար փոխելով բարեփոխում չի իրականացվում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսության ոլորտի մասնագետները, այդ թվում և գյուղնախարարությունը խաղողի մթերման հետ կապված այսօրվա իրավիճակը կանխատեսել էին 3-4 ամիս առաջ: Նա հիշեցնում է, որ գյուղնախարարությունն այսօր արտադրության խթանման լծակներ չունի, ուստի ասել, թե խաղողի առատ բերքատվության գործում նախարարությունը դեր ունի, ճիշտ չէ, տարին շատ բարենպաստ էր պտղի ու խաղողի համար:
«Սա անսպասելի բան չէր, ես ասել եմ ու կասեմ, գյուղատնտեսությունը պետք է կանխատեսել մեկ տարի առաջ: Այ հիմա պետք է պատրաստվել գյուղատնտեսական հաջորդ տարվան, թե չէ ուշ կլինի: Գյուղատնտեսությունը մեկ րոպեում լուծվող հարց չէ»,-ասաց նա:
Միավորման նախագահը հիշեցնում է, որ մթերողը կոմունիստական շրջանից մնացած հասկացություն է, այսօր կա գնորդ ու վաճառող: Գնորդ համարվող ընկերությունների արտադրանքը ռուսական շուկայում չի վաճառվել, պայմանագրերը ռուսական ռուբլիով են եղել, արտադրողները տուժել են: Բերբերյանն ընդգծում է, որ նախարարության պաշտոնյաններն այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում, ամեն օր գործարաններ են գնում:
«Գինենյութը մնաց գործարաններում, հիմա սրա վրա կրկին կուտակել ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ այն գործարաններին, ովքեր պատրաստակամություն են հայտնել գնելու խաղողը: Բայց մյուս կողմից էլ, հիմա պիտի այնպես անեն, որ էդ գործարաննե՞րն էլ փակվե՞ն»,-մտահոգություն հայտնեց նա:
Ոլորտի մասնագետի խոսքով, կառավարությունը պետք է խաղողի վերամշակման նոր ուղղություններ մշակեր ու զարգացներ: Օրինակ, բացի կարևորագույն ուղղություն համարվող գինեգործությունից ու կոնյակագործությունից, կարելի էր զարգացնել խաղողի հյութի արտադրությունը:
«Միջազգային շուկայում այսօր խաղողի հյութը մի փոքր էլ ավելի թանկ է գինուց: Հայաստանից հատուկ Կրեմլի անդամների համար խաղողի հյութ էինք ուղարկում: Դրա արտադրությունը կարելի է վերականգնել, կարծում եմ, Եվրոպայում շատ մրցունակ կլինի, քանի որ Հայաստանի խաղողը համային հատկանիշներով ավելի լավն է»,-ասաց միավորման նախագահը:
Մյուս ուղղությունը, որը կարելի է զարգացնել, հնեցված գինիների արտադրությանը զարկ տալն է. «Մենք հնեցված գինիներ չունենք, հիմնականում 1-2 տարեկան գինիներ են: Կառավարությունը գուցե գնա այդ ճանապարհով, հնեցնի և ավելի բարձր ինքնարժեքով վաճառի»:
Բերբերյանը նկատեց, որ այժմ ողջ աշխարհի հյուրանոցներում կա փոքր փաթեթներով խաղողի մեղր. «Փաթեթի վրա խաղող է նկարած, մեջն էլ՝ խաղողի մեղր: Այն չի տարբերվում սովորական մեղրից: Մեզ մոտ այդ արտադրությունը չկա: Հետո էլ ասում ենք, խաղողի երկիր ենք: Մեծ ցանկության դեպքում խնդրի լուծումներ կգտնվեն»:
Ինչ վերաբերում է խաղողագործներին գյուղնախարարության՝ ավելորդ շտապողականություն չցուցաբերելու վերաբերյալ հորդորներին, Բերբերյանը նկատեց, որ շաքարի կուտակումը դեռ շարունակվում է, սակայն վերջին օրերին գրանցված տեղումները միգուցե վնասեն բերքը:
«Ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ կառավարությունը սուբսիդավորի՝ խաղողագործների կրած վնասները փոխհատուցելու համար: Իսկ այսօր իրենց միակ լծակը հորդորելն է, բայց հորդորելով բիզնես չես անի, տնտեսաական լծակներ պետք է կիրառվեն այս իրավիճակից դուրս գալու համար: Քաղաքական բարի կամք է պետք, ուրիշ բան պետք չէ»,-ասաց նա:
Խաղողի մթերման հետ կապված գյուղացիների բողոքների վերաբերյալ կարդացեք՝
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան