FIDH նախագահը` մարտյան իրադարձությունների մասին. «Այդ ոճիրը չպետք է մնա անպատիժ, պետք է մեղմվի այդ մարդկանց տառապանքը»
«Ես չեմ եկել միայն պաշտոնատար անձանց ձեռքերը սեղմելու համար: Եվ ոչ մի մարդ արարած, ոչ մի մայր չի կարող այն բաներից հետո, ինչ ես լսեցի երեկ, մնալ անսիրտ, չփորձել ձեռնարկել հնարավորը, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի», - այսօր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարին ընդառաջ կայացած ասուլիսում հայտարարեց Ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելասենը հանդիպել է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի հարազատների հետ և լսել նրանց:
Բելասենի խոսքով, 2008-ի մարտյան իրադարձություններն առանձնակի էին. նա դրանք որակեց` ոճիր:
«Մենք պետք է հիշեցնենք իշխանություններին, որ նրանք պետք է ամեն ինչ անեն, որ այդպես չի կարելի լռության մատնել: Այս ամենը, պետք է բացահայտվի, պետք է մեղմվի այդ մարդկանց տառապանքը, անշուշտ այդ տառապանքը հավերժ է, բայց պետք է մեղմել: Այդ ոճիրները չպետք է մնան անպատիժ, պետք է ամեն ինչ անել դրանք բացահայտելու համար և մենք էլ պետք է մեր հերթին ամեն ինչ անենք` քաղբանտարկյալներին ազատելու համար», -հավելեց FIDH նախագահը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ ընձեռել են հնարավորություն «Արդարադատություն, նոր մարտահրավերներ Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» թեմայով FIDH 37-րդ համագումարը Երևանում անցկացնել:
«Կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Երևանում անցկացնել համագումարը: Օրինակ, իմ հայրենիքում` Թունիսում նման միջացառում հնարավոր չէր կազմակերպել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխարհի տարբեր ներկայացուցիչներ կարող են գալ Հայաստան և խոսել այդ մասին, վստահ եղեք, որ բոլոր երկրներում չէ, որ հնարավոր է նման բան իրականացնել», -նկատեց Բելասենը:
Նա նշեց, որ ինչ-որ բանի հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված Հայաստանում իրավիճակը բարելավելու համար պետք է համագործակցել, երկխոսել իշխանությունների հետ:
Նկատենք, որ ժամեր հետո Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում մեկնարկելիք FIDH 37-րդ համագումարին մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից շուրջ 300 մասնակից:
«Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության» կոմիտեն իր հերթին հայտարարել էր, թե բողոքի ակցիաներ են կազմակերպելու այն վայրերում որտեղ ֆեդերացիան անց է կացնելու իր համաժողովները` պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակումը: