Հայ փաստաբանները պատրաստվում են ընդդեմ Ադրբեջանի բողոք ներկայացնել Եվրոպական դատարան
Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ միասին մտադիր են դատի տալ Ադրբեջանին` երկու տարի գերության մեջ ընկած Արթուր Բադալյանին խոշտանգումների ենթարկելու փաստով: Բողոքը մեկ ամսից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց մինչ այդ նրանք հարցումներ կուղարկեն Ադրբեջան:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ռազմավարական դատավարությունների կենտրոնի նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
«Փորձելու ենք Արթուր Բադալյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնել` խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու փաստի առնչությամբ», -հավելեց փաստաբան Մարուքյանը: Նա փոխանցեց, որ հանդիպել է նախկին գերության մեջ եղած Բադալյանի հետ, տեղեկացել, թե ինչպես են նրան անմարդկային պայմաններում պահել ու խոշտանգել ու ստացել լիազորագիր` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:
«Մենք հիմա պետք է տեղեկություն հավաքենք այդ գործով և նաև պետք է Ադրբեջան հարցումներ ուղարկենք», -հավելեց փաստաբանը:
Միևնույնն է` կհաջողվի՞ այնտեղից տեղեկություններ ստանալ, թե՞ ոչ: «Կարևորն այն է, որ եվրոպական դատարանին ցույց կտանք, որ մենք փորձել ենք ինչ-որ բան անել», -նկատեց Էդմոն Մարուքյանը:
Նա պատմեց, որ Բադալյանը գերության հենց առաջին օրից ծեծի է ենթարկվել և չի կարողացել քայլել, դրանից հետո նրան սկսել են, թևից ընկած քարշ տալով, տեղից տեղ տեղափոխել, հետո պահվել է մի այնպիսի խցում, որտեղ չի եղել ոչ մահճակալ, ոչ անկողնային պարագաներ, եղել է փայտյա բարակ տախտակ, որի վրա նա տասը ամիս շարունակ քնել է: Այդտեղից «Գերության երկու տարիների ընթացքում Բադալյանի մնալու տեղը երեք անգամ փոխել են` սկզբում նրան տարել են Ղազախի ինչ-որ զորամաս, հետո նա պահվել է Բաքվի այլ զորամասում, այնուհետև նորից հետ է բերվել Ղազախ», -փոխանցեց փաստաբանը` հավելելով, որ Բադալյանը հոգեբանական ու ֆիզիկական լուրջ խնդիրներ ունի ու բժշկական զննություն պետք է անցնի:
Փաստաբան Էդմոն Մարուքյանի ղեկավարած Ռազմավարական դատավարությունների կենտրոնը զբաղվում է ռազմավարական դատավարություններով: «Գտնում ենք այնպիսի զոոհերի, որոնց գործը ապագա ունի ասենք` Վճռաբեկ, Սահմանադրական դատարաններում կամ Եվրոպական դատարանում արդյունքի հասնելու և նոր նախադեպեր ունենալու համար», -նշեց մեր զրուցակիցը:
Արթուր Բադալյանը գերության մեջ է ընկել 2009 թվականի մայիսի իննին, և այս տարվա մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության շրջանակներում Բադալյանը մարտի 17-ին վերադարձվել էր Հայաստան: Հիշեցնենք, որ եռակողմ ընդունված հայտարարության համաձայն կողմերը պատրաստակամություն էին հայտնել «ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան