Նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիա. ՄԻՊ-ը` ԿԳՆ հայտարարության մասին
Եթե մինչ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրությունների տեսքով հանրային վիճաբանության մեջ էր Արդարադատության խորհրդի հետ, ապա այժմ նույն հեռահար «վեճն» սկսվել է կրթության, գիտության նախարարության հետ: Երկու պարագաներում էլ, ինչպես ՄԻՊ գրասենյակից էին տեղեկացնում, Պաշտպանը հայտնաբերել էր մարդու իրավունքների խախտումներ:
Այսօր առավոտյան ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից հետո, պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարարությունը: Այժմ էլ Պաշտպանի գրասենյակն է պատասխան հայտարարությամբ հանդես եկել, որում մասնավորապես, ասվում է. «Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը և ելնելով հասուն հանրային բանավեճի շահերից՝ հնարավորինս կանտեսենք այդ հաղորդագրության մեջ նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները: Միևնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաև հանրահաշվից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները և իրավական հիմնավորումները: Այդ որոշումից որպես սեղմագիր հանրությանն է ներկայացվել իրավախախտման համառոտ նկարագիրը: Հանրությանն ավելորդ չծանրաբեռնելով այն հանգամանքով, թե մրցույթը հանրահաշվի, երկրաչափության, թե ընդհանուր մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ է՝ մամլո հաղորդագրության մեջ նշվել է «մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքի» մասին: Հատուկ չի մասնավորեցվել, որ շահերի բախում ունեցող մրցութային հանձնաժողովի անդամը եղել է հաղթած գրքի խմբագիրը, այլ նշվել է «հանձնաժողովի անդամի գիրքը»: Համառոտ հաղորդագրությունը նպատակ է ունեցել հանրությանը բացառապես տեղեկացնել սխալ անցկացված մրցույթի, շահերի բախման և նախարարության ոչ իրավաչափ գործողությունների մասին:
Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու և սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսևորելու փոխարեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով և խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը:
Որպես հետգրություն.
Քննարկվող իրավախախտման դեպքով մեջբերենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/07-1/9078-11 գրությունից. «...մրցույթի կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը ներկայումս հստակ կանոնակարգված չեն, և մինչև հաջորդ մրցույթ անցկացնելը կմշակվի համապատասխան ընթացակարգ, որով կնախատեսվեն հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները:» Սեփական սխալները պետք է կարողանալ ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլև հրապարակայնորեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան