Ինչո՞ւ են երիտասարդները բռնաբարում տատիկներին. Հայ տարեցների բռնաբարության արտառոց դեպքեր
Սեպտեմբերի 6-ին և օրեր առաջ` հոկտեմբերի 16-ին Ալավերդիում ու Նոյեմբերյանում 80-ն անց տատիկների բռնաբարության դեպքերը ցնցել են Հայաստանի հասարակությանը: Երկու դեպքերում էլ բռնաբարություն կատարողները երիտասարդներ են: Հայաստանի ոստիկանությունում նման դեպքերի հստակ վիճակագրություն չի կատարվում, բայց համակարգում երկարամյա աշխատողները նշում են, որ սա բացառիկ երևույթ է ու շատ հազվադեպ է նման բան պատահում:
Բռնաբարության վերջին դեպքը, որ տեղի էր ունեցել Նոյեմբերյանում, կատարել էր մի երիտասարդ, որը նախկինում դատապարտված է եղել. տատիկը ոստիկաններին տեղեկացրել է, որ տղան մտել է իր տուն, բռնաբարել իրեն, հայհոյել, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Երևույթը միջազգայնորեն ընդունված է անվանել գերոնտոֆիլիա, որն առաջացել է հունարեն` geron-ծեր և philia-սեր, ընկերություն բառերից: Բժշկության մեջ այն դիտարկվում է որպես սեռական կողմնորոշման շեղում, որի դեպքում «թիրախը» համարվում է տարեց, ծեր մարդը:
ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը նույնպես փաստում է, որ Հայաստանում նման երևույթները հազվադեպ են պատահում` տարեկան մեկ-երկու դեպք, կամ լինում է, որ տարվա ընթացքում ընդհանրապես նման բան չի գրանցվում: Մինչդեռ նրա տվյալներով, աշխարհում այսպիսի դեպքերի քանակը, ընդհանուր բռնաբարությունների թվում, կազմում է 10-15 տոկոս:
Պարոն Վարդանյանը հիշում է, որ տարեց կանանց բռնաբարության շատ արտառոց դեպքեր Հայաստանում եղել են` օրինակ տարիներ առաջ Երևանում մահացու ելքով 72 տարեկան կնոջ բռնաբարության դեպք է եղել. տղան բռնաբարել, կծել, խեղդել ու սպանել էր ծեր կնոջը: ՀՀ գլխավոր դատաբժիշկը մեկ այլ դեպք էլ է հիշում, երբ տարիներ առաջ Նոյեմբերյանում տարեց կինը երիտասարդների հետ սեռական հարաբերություն էր ունենում ու սպանում նրանց: «Այս երևույթը բնորոշ է յուրահատուկ մարդկանց, նրանց մեծ մասը չունեն հոգեկան խանգարումներ, հոգեպես առողջ են, նրանք ուղղակի հակում ունեն», -հավելում է գլխավոր դատաբժիշկը:
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի, անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանի խոսքով, Հայաստանում նման երևույթների ուսումնասիրություն չի կատարվել: Ընդհանուր առմամբ, մարդու մոտ դեպի տարեցներն ունեցած սեռական շեղումը կարող է առաջանալ սեփական ուժերի նկատմամբ ունեցած անվստահությունից: «Մարդը կարող է մերժվել տարեկիցների կողմից, իսկ տարեց մարդն էլ այդ դեպքում կարող է իր զոհը լինել, քանի որ նրա կողմից ինքը չի կարող ընդդիմության հանդիպել», -մեզ հետ զրույցում վերլուծում է հոգեբանը:
Վերջինի խոսքով, այդ քայլին դիմող մարդը կարող է սեռական զարգացման խնդիրներ ունեցած լինի, որն արտահայտվում է գերոնտոֆիլիայով: Այս բառի մեջ «սեր» (philia) հասկացությունը, ըստ Նարինե Խաչատրյանի, այն չէ, ինչ մենք հասկանում ենք ու համարում ընդունելի: «Դա սոցիալական նորմերին ոչ համապատասխան, մեր բարոյական նորմերին ոչ հարիր ինչ-որ սիրո դրսևորման աղավաղված մի տարբերակ է: Իրականում դա ոչ թե սեր է, այլ ընդամենը ստանալու, պոկելու, իր ֆիզիոլոգիական վիճակը բավարարելու որոշակի գործողություն է», -լրացնում է հոգեբանը` միևնույն ժամանակ նկատելով, որ այդ գործողության մեջ կա նաև ագրեսիա, բռնություն:
Ագրեսիան, ըստ մասնագետի, շատ դեպքերում գալիս է մանկությունից, ընտանիքում միջանձնային հարաբերություներից, քանի որ երեխաներն անմիջապես ընկալում ու յուրացնում են այն զգացողությունները, որոնցով իրենք շրջապատված են:
«Դա լիովին բնազդային վարք է, իսկ թե ինչո՞ւ է մեկի մոտ արտահայտվում, իսկ մյուսի մոտ` ոչ, որովհետև մեկը փոքր տարիքում ունեցել է իրական կամ երևակայական տրավմա կամ հանդիպել է այդպիսի փորձի` իրական կամ երևակայական, իսկ մյուսը չի հանդիպել, դրա համար մյուսի մոտ նման վարք չի հանդիպում և նա իրեն պահում է բարոյական նորմերին համապատասխան», -նշում է հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա