Մեղադրող կողմը խստագույն պատիժ է միջնորդել Սերոբ Տեր-Պողոսյանի համար. Առջևում պաշտպանական ճառն է
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթըլ Փրինս» ընկերության ղեկավար, սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը հետաձգվել է: Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի փաստաբան Տիգրան Սաֆարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 14-ին, որի ընթացքում Տեր-Պողոսյանի փաստաբանները կներկայացնեն պաշտպանական ճառը:
Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը մեղադրվում էր անչափահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հաար և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
Մեղադրող կողմը Սերոբ Տեր-Պողոսյանին խստագույն պատժի` 15 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդություն է ներկայացրել դատարանին: Ավելի վաղ մեղադրող կողմը հայտարարել էր, որ քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկվել տուժողների մեծ թիվը, այն, որ տուժողները ապագա 10 զինվորներ են, ինչպես նաև հասարակության վերաբերմունքն այդ տեսակի ոտնձգության ենթարկված անձանց նկատմամբ: Պատիժը մեղմացնող հանգամանք չեն դիտարկվել անգամ դատարանում ներկայացված Տեր-Պողոսյանի` ժամանակին այս կամ այն պատկան մարմինների կողմից ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը:
«Մենք մեղադրանքի հետ համամիտ չենք, այն հիմնավորված չէ: Իրեն մեղսագրվում է անօգնական վիճակն օգտագործելու պահը, որի հետ համաձայն չենք, որովհետև ապացույցներ չեն ներկայացվել մեղադրողների կողմից, թե եղել է անօգնական վիճակի օգտագործում», -հավելեց պաշտպան Սաֆարյանը:
Նշենք, որ 139-րոդ հոդվածը սահմանում է. «Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով կատարվել են անչափահասի նկատմամբ»:
«139-րդ հոդվածի մասին խոսք լինել չի կարող, այդ հոդվածի հատկանիշները չկան: Եթե 139-ից բացի այդ բնույթի ինչ էլ լիներ համաներում էր տարածվել Տեր-Պողոսյանի վրա, այդ պատճառով էլ համաներումից առաջ շատ հապճեպ ու առանց հիմքի մեղադրանքը փոխվել է», -կարծիք հայտնեց փաստաբանը:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի գործի նախաքննության ընթացքում նախկինում Քր.Օր-ի 140 հոդվածով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը) առաջադրված մեղադրանքը ավելի ուշ փոխվեց, և վերջնական մեղադրանքն առաջադրվեց 139 հոդվածի հատկանիշներով: