«Ոչ թե հանցանք է, այլ ոճիր». Պետական դավաճանության համար մեղադրվողների դատը կշարունակվի հաջորդ շաբաթ
Ադրբեջանի օգտին լրտեսած, պետական դավաճանության մեջ մեղադրվող երեք և նրանց հանցանքի մասին տեղեկացված ու իրավապահներին չհայտնած ևս երեք հայերի դատավարությունը այսօր ընդմիջվեց և կշարունակվի դեկտեմբերի 13-ին: Առաջին երեքը, Կարեն Մեհրաբյանը, Աշոտ Չտրկյանը և Ռոմիկ Մաթևոսյանը մեղադրվում են առավել ծանր` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական դավաճանությունը) հատկանիշներով հանցանք գործելու համար:
Իսկ մյուս երեքը` Կարեն Պետրոսյանը, Արթուր Ավետիքյանը և Դավիթ Ավետիքյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հանցագործության մասին չհայտնելը) հատկանիշներով: Նրանց հանցանքը նախաքննական մարմինը մեղմ է համարել, կալանավորված չէին և դատարանում նստած չէին ամբաստանյալների կողքին:
Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը նիստի մեկնարկին դատարանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմնին բողոք է ներկայացրել առ այն, որ քրեական գործում «որևէ ապացույց չկա իր պաշտպանյալի նկատմամբ և առաջադրված մեղադրանքը անհիմն է»: «Քննիչը դիմելով շաբլոնային ձևակերպումների, եզրահանգել է, որ իբր այդ ապացույցները հիմնավոր են մեղադրանք առաջադրելու համար: Սակայն իմ բողոքը քննության չի առնվել», -լրացրեց փաստաբանը:
Ի պատասխան մեղադրող, ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարեց, որ բողոքը քննության չի առնվել, որովհետև այդ ժամանակ գործն ուղարկվել էր դատախազություն: «Բողոքն ինձ հասել է այն բանից հետո, երբ մենք այն ուղարկել էին դատախազություն: Քննության չի առնվել, որովհետև քրեական գործն ինձ մոտ չի եղել», -նկատեց մեղադրող դատախազը:
Գործով անցնող Կարեն Պետրոսյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: «Իմ պաշտպանյալը հույս է ունեցել, որ հանդիմանությունը հաշվի առնելով Մեհրաբյանը ձեռնպահ կմնա որևէ հանցավոր արարք անելու համար: Պետրոսյանի արարքը հանցավորություն կարելի է չդիտել, Մեհրաբյանը տեղեկացրել է իրեն արված առաջարկությունների մասին», -դատարանում իր միջնորդությունը հիմնավորեց պաշտպանը:
Մեղադրողը, հակառակը, պնդեց, որ Կարեն Պետրոսյանն իմացել է լրտեսության մեջ մեղադրվող ցանցի պարագլուխ Կարեն Մեհրաբյանի հանցավոր արարքի մասին ու չի հայտնել իրավապահ մարմիններին:
Բոլոր ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդեցին նաև, որպեսզի իրենց պաշտպանյալները կարողանան հեռախոսով կապ հաստատել բարեկամների հետ կամ տեսակցել նրանց: Սակայն դատախազը առարկեց. «Այս փուլում անհրաժեշտ չեմ համարում նրանց տեսակցելը որևէ մեկի հետ»:
Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջնորդությունների մեջ առկա փաստերը, հանգամանքները «պատշաճ կարգով» հետազոտել, ստուգել խորհրդակցական սենյակում և հետո միայն որոշում կկայացվի:
Ընդմիջումից հետո շարունակված նիստում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանին հնարավորություն տրվեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավոր Մնացականյանը ամբաստանյալներին ներկայացրեց իրենց հանցանքի չափը: Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը և Աշոտ Չտրակյանը կտրականապես հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հետևաբար չեն ճանաչում իրենց մեղքը: Չտրակյանը, անգամ, ելույթ ունեցավ. «Տվյալ հանցագործությունը ոչ թե հանցանք է, այլ ոճիր: Գնացեք իմ ծառայած սահմաններում հետաքրքրվեք…», -հայտարարեց նա, որի ելույթը ընդհատեց Մնացականյանը հարցնելով. «Դուք ընդունո՞ւմ եք ձեր հանցանքը»: «Ոչ, ոչ մի կերպ», -պնդեց ամբաստանյալը:
Իրենց մեղքը չճանաչեցին նաև հանցանքի մասին իրավապահներին տեղյակ չպահելու համար մեղադրվող Կարեն Պետրոսյանն ու Արթուր և Դավիթ Ավետիքյանները:
Դրանից հետո դատարանը որոշեց սկսել գործով անցնող վկաների հարցաքննությունը, այնուհետև հարցաքննել ամբաստանյալներին, և առաջին վկան` Աշոտ Ղևոնդյանը, որը Աշոտ Չտրակյանի բարեկամն է և որի տանը նույն Չտրակյանը համակարգչով աշխատասենյակ է պատրաստել ու կապի մեջ եղել իր հանցակիցների հետ, առողջական խնդիրների պատճառով հեռացել էր դատարանից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ նիստը հետաձգվեց հաջորդ շաբաթ և կշարունակվի դեկտեմբերի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան