Շինծու գործ է. Տիգրան Հակոբյանի փեսայի պարզաբանումը
Շինծու գործ է: Այսպես որակեց Տիգրան Հակոբյանի դեմ առաջադրված մեղադրանքը նրա քրոջ ամուսինը` Արմեն Աբրահամյանը, ով զանգահարել էր խմբագրություն որոշ պարզաբանումներ ներկայացնելու Panorama.am-ի «Մանրամասներ Մուսինյանի ու Հակոբյանի յուրացումներից. Խոսքը 184 մլն-ի մասին է» հրապարակման վերաբերյալ:
Ա. Աբրահամյանն ասաց, որ «Լեքսուս» մակնիշի մեքենան եղել է «Ագրոհոլդինգ» ընկերության սեփականատիրոջ` Գոռ Խեչոյանի եղբոր հին մեքենան ու Տ. Հակոբյանին ոչ թե նվիրել են, այլ տրամադրել են նրան` որպես ծառայողական մեքենա, որը Տ. Հակոբյանը վաղուց հետ է վերադարձրել:
Ա. Աբրահամյանը նաև ասաց, որ խոսքը ոչ թե 184 մլն-ի մասին է, այլ դրամարկղ մուտք չեղած 20 մլն դրամի, որը դեռ պետք է ապացուցել: «20 մլն դրամի մասին է խոսքը: Կարող եք գալ Տիգրան Հակոբյանի տուն, և տեսնել, թե այդ 184 միլիոնը ոնց է ծախսվել, նրա երեխաներին էլ տեսնեք, հորն էլ, մորն էլ: Նա երբեք ոչ մի գողություն չի արել»,-ասաց Տիգրան Հակոբյանի քրոջ ամուսինը:
Նա կալանքի մեջ գտնվող Տ. Հակոբյանին ներկայացրեց որպես լավ կառավարիչ, ապա նշեց. «Տիգրան Հակոբյանին նստացրել են, որովհետև Տիգրան Հակոբյանը մարդկանց լավ չի ճանաչում, մանավանդ իր ընկերներին, դասարանցիներին»:
Հիշեցնենք, որ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը մեղադրվում են ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վ. Մուսինյանը գտնվում է հետախուզման մեջ:
Ինչ վերաբերում է Մուսինյանին, ապա մեզ զանգահարողն ասաց, որ նա ոչ թե հետախուզման, այլ փախուստի մեջ է: «Փախուստի մեջ է, քննիչը զանգում է, չի կարողանում ընկնի, կարող է հեռախոսի համարն է փոխել»,-բացատրեց Ա. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա