Թամամյանի գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց ազատել դատարանի դահլիճից. Փաստաբանը ապշած է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով անցնող մյուս ամբաստանյալներին` ոստիկանության նախկին պաշտոնյաներ Արմեն Պողոսյանին և Վահան Խանզադյանին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդեց ազատ արձակել դատարանի դահլիճից, իսկ Թամամյանի համար պահանջեց 4 տարի ժամկետով ազատազրկում:
Նշենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը» և 2-րդ մասերի «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով, իսկ Վ. Խանզադյանին և Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
4 էջից կազմված մեղադրական ճառում Հարությունյանը ներկայացրեց մեղադրանքը և նկատեց, որ Թամամյանի, Վահան Խանզադյանի և Արմեն Պողոսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքեր գործում առկա չեն: Այնուհետև նշեց, որ ամբաստանյալները համաձայնել են մեղադրանքի հետ և ընդունել են իրենց մեղքը, նաև նրանք երեքն էլ իրենց խնամքի տակ ունեն մինչև 14 տարեկան երեխաներ, հետևաբար կսահմանվի մեղմ պատիժ:
Այսպես. Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդեց Հովաննես Թամամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման դատապարտել 3 տարի ժամկետով, պետական մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Եվ հանրագումարի գալով, դատախազը վերջնական պատիժը պահանջեց ազատազրկում 4 տարի ժամկետով, պետական մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի կրման սկիզբը հաշվել 2011-ի մարտի 24-ից», -հավելեց Հարությունյանը:
Մյուս երկու ամբաստանյալներին դատախազը ազատազրկում պահանջեց երկու տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան երկու տարի ժամկետով, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և դատական նիստի դահլիճում ազատել կալանքից:
Մեղադրող դատախազի այս միջնորդությունը ակնհայտորեն շփոթեցրել էր Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանին և նա լրագրողների հարցերին ի պատասխան արձագանքեց. «Դուք էլ երևում է ինձ նման մոլորված եք: Ո՞վ չի մոլորվել»: Այնուհետև հեգնախառն նկատեց. «Ինձ թվում է, որ դատախազը ձգեր, կարար վեցի էլ հասցներ, ահագին լավություն է արել էլի»:
Պաշտպանի կարծիքով, ինչպես մյուսների պարագայում, իր պաշտպանյալի դեպքում ևս պետք է կիրառվեր պայմանական ազատ արձակումը: «Կարող էր նաև տուգանք նշանակել: Եթե ոչ Թամամյանին, էլ ո՞ւմ: Եթե անձը բնութագրող, պատիժ մեղմացնող հանգամանքներն եք նկատի ունենում, ապա Թամամյանից շատ ո՞վ ունի այդ մեղմացնող հանգամանքները: Նրա անցած ուղին ո՞վ չգիտի», -հարցադրումներ էր անում պաշտպանը:
Լրագրողն ի պատասխան նկատեց, որ Թամամյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի հոդվածները երկուսն են, այսինքն շատ են, քան մյուսներինը, փաստաբանն արձագանքեց. «Էդ նույն հոդվածներով մյուսների պատիժը մեղմացվեց ու միջնորդվեց ազատ արձակել դատարանի դահլիճից»:
Վաղինակ Գևորգյանին տանջում էր հարցը` «ինչի համար չորս տարի», որին անմիջապես էլ պատասխանեց. «Ակնհայտ չէ՞ ինչի համար…դե որովհետև սաղս էլ գիտենք ինչի չորս տարի, որովհետև Թամամյանը պիտի ազատազրկման դատապարտվի, այլապես նման միջնորդություն չէր արվի»:
Հարցին, թե քաղաքական ենթատեքստ կա՞ ներկայացված միջնորդության մեջ, պաշտպանը պատասխանեց. «Չէ, միանշանակ: Ես այդ կարծիքին եմ գալիս արված միջնորդությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները