Ստեղծվել է ընտրությունների հարցերով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ աշխատանքային խումբ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հրաման է ստորագրել Ազգային Ժողովի` 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտումների գրանցման և համապատասխան դատախազությունների գործունեությունը համակարգելու նպատակով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը, ըստ հրամանի` աշխատանքային խումբը ստեղծվում է ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, հաշվառման և ընթացք տալու նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և միասնական պրակտիկա ապահովելու դրանց իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու աշխատանքային խումբը զբաղվելու է նաև նշված գործընթացի հետ կապված` անհրաժեշտությունից ելնելով:
Համաձայն հրամանի` աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը: Խմբի կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Միրան Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյան, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սմբատ Մելիքջանյանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի տեղակալ Մհեր Ապերյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Դավիթ Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը: Աշխատանքային խմբի քարտուղար է նշանակվել ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետ Աիդա Շահբազյանը:
Հրամանով աշխատանքային խմբին հանձնարարված է քննարկման ընդունել առավել բարդ և հասարակական հնչեղություն ունեցող` ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, լուծել դրանց ենթակայության հարցերը, գործնական աջակցություն ցուցաբերել ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազների, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների կողմից, ինչպես նաև նրանց հսկողությամբ իրականացվող ընտրական իրավունքի խախտումների փաստերով հաղորդումների քննարկմանը:
Բացի այդ` աշխատանքային խումբը պարտավոր է պատրաստել և սահմանված կարգով խմբի ղեկավարին ներկայացնել համապատասխան տեղեկանքներ` ընտրական իրավունքի խախտումների փաստերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ամփոփման արդյունքներով:
ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, ըստ հրամանի , հանձնարարված է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորինս սեղմ ժամկետներում` ներգրավելով առավել փորձառու դատախազների, նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, իսկ ) բարդ ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նկատառումով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել խմբի ղեկավարի հետ, կազմակերպել քննարկումներ:
Հրամանի գործառույթների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գուրգեն Ամբարյանին և ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին հանձնարարվել է ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար, ինչպես նաև կազմակերպել ընտրական իրավունքի խախտումների քննարկման և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանումը` ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Աշխատանքային խմբի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ ընտրությունների վերաբերյալ գրագրությունները հանձնարարված է վարել առանձին գործավարությամբ` համապատասխան փաստաթղթերը դրոշմելով ՀՀ գլխավոր դատախազի 25.01.2008թ. N 7 հրամանով սահմանված նմուշի կնիքով, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետ Աիդա Շահբազյանին:
Աշխատանքային խմբի ղեկավարին նաև հանձնարարվել է յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը` մինչև ժամը 11:00-ն, ամփոփ տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց գրանցման, հաշվառման, ընթացք տալու վիճակի և արդյունքների մասին, իսկ ահրաժեշտության դեպքում` ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնել համապատասխան տեղեկատվական-մեթոդական ցուցումների նախագծեր: Ըստ հրամանի` զեկուցման ներկայացված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում, շրջաբերական նամակների տեսքով պետք է ուղարկվեն ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին:
Սույն հրամանի կատարման շրջանակներում դատախազության ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դրված է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վրա: Հրամանի կատարման վերահսկողությունն ստանձնել է անմիջապես Գկխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նախորդիվ` Ա.Հովսեփյան. Ընտրախախտումների մասին հաղորդումների քննության համար ԳԴ հատուկ խումբ կգործի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում