Ես Հայաստանի նվիրյալն եմ. Թամամյանի դատավճիռը կհրապարակվի րոպեներ անց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաև ոստիկանության նախկին պաշտոնյաներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի դատավարությունը:
Նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Թամամյանին ազատազրկել 4 տարի ժամկետով, ինչը, սակայն փաստաբան Վաղինակ Գևորգյանն այսօրվա իր պաշտպանական ճառում շատ խիստ գնահատեց: «Դատախազի միջնորդությունը արդարացի չէ, առավել ևս այն դեպքում, որ գործում ծանրացնող հանգամանքներ չկան», -հավելեց պաշտպան Գևորգյանը:
Որպես մեղմացուցիչ հանգամանք, Վաղինակ Գևորգյանը հայտարարեց, որ Հովհաննես Թամամյանը նպաստել է օբյեկտիվ քննություն անկացնելուն, ունի անչափահաս տասնչորս տարեկան երեխա, համաձայնել է մեղադրանքի հետ, նախկինում դատապարտված չի եղել, չի խոչընդոտել գործի քննությանը, բնութագրվել է դրական և ունի բազմաթիվ պարգևներ:
Փաստաբանի հաստատ համոզմամբ, Հովհաննես Թամամյանին երկարատև ժամանակով ազատազրկելով` սոցիալական արդարությունը չի վերականգնվի և միջնորդեց պայմանականորեն չկիրառել պատիժը, ազատ արձակել ու մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակել:
Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «38 տարի ծառայել եմ ոստիկանության համակարգում, և ես մնում եմ նվիրյալ Հայաստանի Հանրապետությանն ու ոստիկանությանը»:
Դատավոր Արշակ Վարդանյանը անցավ խորհրդակցական սենյակ, և վճիռը կհրապարակվի այսօր, րոպեներ անց:
Նախորդող հրապաարկում. Թամամյանի գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց ազատել դատարանի դահլիճից. Փաստաբանը ապշած է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները