Ընտրակաշառք բաժանելու փաստով քրեական գործեր են հարուցվել. Տռուզյան
Այս պահին գլխավոր դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ` ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Մեկը վերաբերում է թիվ 12 ընտրատարածքին: Այսօրվա ընթացքում ամենաշատն այս ընտրատարածքից ենք մենք ահազանգեր ստացել, այդ թվում լրատվամիջոցներում եղան հրապարակումներ, որ այդ ընտրատարածքում բաժանվում է ընտրակաշառք` Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, ևս մեկ գործ հարուցվել է Արաբկիրում ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար գումարներ բաժանելու վերաբերյալ:
Թիվ 4/27 ընտրատեղամասում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով բերման է ենթարկվել Արմեն Մաթևոսյանը: Այս լուրը Times.am-ին հաստատել է նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Ս. Տռուզյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է ՔրՕր-ի հոդված 154/2-ի հատկանիշներով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, որը սահմանվում է. «1. Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:
Նշենք, որ թիվ 12-ում մեծամասնական կարգով առաջադրված Գոհար Վեզիրյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ում հանդես գալիս հայտարարությամբ, իր մրցակիցներից մեկի` ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի կողմից 10 հազար դրամներ բաժանելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Վեզիրյանն ահազանգում է. Լյովա Խաչատրյանը 10 հազար դրամ է բաժանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները