Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ է կիրառում. Փաստաբանները մտադիր են դիմել ծայրահեղ քայլերի
Վճռաբեկ դատարանի գործողություններից Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբանների համբերության բաժակը լցվել է, և նրանք պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների` ընդհուպ հայտարարել գործադուլ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Ամեն ինչ սկսվել է մի գործից, երբ առաջին ատյանի` ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է առանց ապացույցների հետազոտման, բողոքարկվել Վերաքննիչ, որտեղ որևէ որոշում չի կայացվել, իսկ ահա Վճռաբեկի դեպքում այն վերադարձվել է` ապացույցները չհետազոտելու մասին առանց նախադեպային դիրքորոշման արտահայտման:
«Այսինքն, ըստ Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշման, այսուհետ ստորադաս դատարանները կարող են ապացույցները չհետազոտել և դա երբեք ու երբեք դատավարական նորմի խախտում չի կարող համարվել», -մտավախություն ունի փաստաբան Գյոզալյանը:
Նրա խոսքով, փաստաբանները ծրագրում են ուրբաթ, մայիսի 25-ին, նիստ անել և քննարկել` ինչպես դիմադրել Վճռաբեկ դատարանի գործողություններին: Շատ հավանական է, որ քրեական գործերով մասնագիտացում ունեցող փաստաբանները գործադուլ հայտարարեն: Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, քրեական գործերով փաստաբաբների` դատին չներկայանալու դեպքում դատակլան նիստը հետաձգվում է, ինչը այդպես չէ քաղաքացիական գործերի դեպքում:
Մեր հարցին, թե պալատի ներսում ինչպիսին են գործադուլ անելու ուղղությամբ տրամադրությունները, փաստաբանն ասաց, որ այդ ուղղությամբ նրանք բավականին դրական են տրամադրված: «Համարյա բոլոր փաստաբաններն էլ իրավունքի խախտման վերաբերյալ ունեն այնպիսի աղաղակող գործեր և բոլորի մոտ էլ համբերության բաժակը լցվել է, որովհետև Վճռաբեկը, ըստ էության, լրիվ երկակի ստանդարտներ է կիրառում, որը որևէ կապ չունի իրավունքի հետ», նկատեց փաստաբանը: