Ա. Բաբայան. «Վճռաբեկ դատարանը նոր դիրքորոշում չի տվել»
Վճռաբեկ դատարանի գործողություններից դժգոհ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների` ընդհուպ հայտարարել գործադուլ: Այս մասին լրատվության տարբեր միջոցներին, այդ թվում Panorama.am-ին տված հարցազրույցում հայտարարել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ «Այսուհետ ստորադաս դատարանները կարող են ապացույցները չհետազոտել և դա երբեք ու երբեք դատավարական նորմի խախտում չի կարող համարվել»: Մտավախության առիթ է հանդիսացել փաստաբանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը խնդրի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությանը մասնավորապես ասել է.
«Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, քննարկելով փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, պարզելով մի շարք հանգամանքներ, արձանագրել է, որ վճռաբեկ բողոքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման, այսինքն՝ դատական սխալի առկայությունը:
Նման պայմաններում վճռաբեկ դատարանն ընդունել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որի էությունը, հավանաբար, ընկալվել է թերի, ինչը դարձել է որոշման սխալ մեկնաբանման պատճառ: Փաստաբանի համոզմամբ` Վճռաբեկ դատարանը տվել է նոր դիրքորոշում, ըստ որի, այսուհետ, ստորադաս դատարաններն, իբր, կարող են ապացույցները չհետազոտել և դա, իբր, չի կարող համարվել դատավարական նորմի խախտում: Նման դիրքորոշում կամ պատճառաբանություն այդ որոշմամբ չի տրվել»: