Հայաստանի ընտրական պատմության մեջ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն առավոտյան ժամերին. Քննություն ՍԴ-ում
Սահմանադրական դատարանն այս պահին շարունակում է մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումի քննությունը և դիմող կողմը՝ ի դեմս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի ներկայացնում են իրենց փաստարկները:
Փաստաբանը պահանջեց անվավեր համարել ընտրությունների արդյունքները, քանի որ և Սերժ Սարգսյանը, և վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց պաշտոնական այցերին զուգահեռ իրականացրել են նաև նախընտրական քարոզչություն: Այնուհետև փաստաբան Վահե Գրիգորյանը պահանջեց, որ Սահմանադրական դատարանը հրապարակի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները՝ նկատելով, որ իրենց չմասնակցողների ցուցակը հրապարակել պետք չէ:
Մյուս դիմողը՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իր փաստարկները ներկայացնելիս հայտարարեց, որ ընտրությունների օրը դեռ առավոտյան 7:30-ին ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ են եղել: «Դրանք եղել են Հանրապետականի կողմից առաջնորդվող մարդիկ», նկատեց Զուրաբյանը՝ նշելով, որ այդ մարդիկ շուտ քվեարկել են մի տեղամասում, նրանց անձնագրերում դրոշմակնիքը շուտ ցնդել է, և նրանք նորից մասնակցել են քվեարկությանը մեկ այլ տեղամասում: «Այսինքն այդ մարդիկ եղել են կրկնակի քվեարկողները: Հայաստանի ընտրական պատմության մեջ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն առավոտյան ժամերին՝ 38000 հոգի», -նշեց Զուրաբյանը:
Այս քննության ժամանակ պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական ահնձնաժողովն է՝ ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի: Վերջինը նիստի սկզբում միջնորդեց, որ Բարձրագույն դատարանը կարճի հայցը, քանի որ «դիմող կողմը չի մտնում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների մեջ, որոնք կարող են վիճարկել ԿԸՀ-ի գործողությունների սահմանադրականությունը»:
Խորհրդակցությունից հետո, սակայն, դատարանը որոշեց, որ հաշվի առնելով այն, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 60-րդ հոդվածը թույլ է տալիս ՍԴ-ին ցանկացած պահի անդրադառանալ գործի վարույթի կարճմանը, հետևաբար մերժեց միջնորդությունը և առաջարկեց սկսել գործի քննությունը, իսկ միջնորդությանը անդադառնալ կողմերի բացատրությունն ամբողջ ծավալով լսելուց հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա