Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավճիռը: Դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` Մարգար Օհանյանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Դատավճռի մանրամասները կարդացեք այստեղ:
Մինչ այդ դատական նիստում Պապոյանը ներկայացրել էր անդորագիր, որը հավաստում էր, որ ՃՈ նախկին պետը արդեն վերականգնել է պետության պատճառված վնասը` 19 միլիոն 720 հազար դրամի չափով: Իրեն հատկացված եզրափակիչ խոսքում Մարգար Օհանյանը չէր ընդունել իր մեղքը և ասել, որ այլևս կորցնելու ոչինչ չունի, որովհետև արդեն իսկ ամեն ինչ կորցրել է` պաշտոնը:
Նա ասել է, որ մեղավոր չէ ու պարզերես է իր որդու և ընտանիքի անդամների առաջ, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշ թերացումներ էլ եղել են, ապա նրա խոսքով, մարդու հետ ամեն ինչ էլ պատահում է:
«Ես չեմ խուսափում պատասխանատվությունից, ես իմ երկրի զինվորն եմ եղել, ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ ՀՀ ոստիկանությանը ծառայելուն», -հայտարարել էր նա:
Մարտի 27-ին կայացած դատական նիստում դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդել էր Մարգար Օհանյանին ազատազրկման դատապարտել 8 տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում: