Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 11-ից հրաժարվելու է ջրից
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր նամակ է տարածել, որով տեղեկացնում է, որ հունիսի 11-ից հայտարարում է հացադուլ` հրաժարվելով ջրից և հացից:
Նամակում նա հայտնում է, թե «16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն»:
Նա նաև տեղեկացրել է, որ այս նամակը ինքն արդեն ուղարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:
Նամակը վերջանում է բառերով` «Մի զրկեք մարդուն հույսից»:
Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի` «1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մէջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան