Եթե այսպես շարունակվի, հացադուլն անխուսափելի կլինի. 540-ից ավելի փաստաբաններ դիմում են գրել Վճռաբեկի նախագահին
Այսօր հայաստանյան դատարաններում դատական նիստերի մեծ մասն անցել է առանց փաստաբանների. վերջինների ավելի վաղ հայտարարած գործադուլ-դատադուլին միացել են 540-ից ավելի փաստաբաններ: Լոռու և Շիրակի մարզի փաստաբաններն այսօր առավոտյան իրենց մարզերում բողոքի ակցիան անցկացնելուց հետո միացել են երևանյան փաստաբաններին: Երևանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը լի էր փաստաբաններով, որոնք մեկ առ մեկ ներկայացրին Վճռաբեկ դատարանին ուղղված իրենց պահանջները:
Փաստաբանների 5 հոգանոց հանձնախմբի անդամներից Արա Զոհրաբյանը, վկայակոչելով դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ նիստերից մեկի ընթացքում Հանրապետության նախագահի ու մեկ այլ առիթով արդարադատության նախկին նախարարի հայտարարությունները դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մասին, ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչո՞ւ է դատական համակարգը ցավագին ընդունում իրենց հայտարարությունն այդ մասին:
«Ինձ համար արդարադատության խորհրդանիշը ոչ թե կուրծքը բաց Ֆեմիդայի սիմվոլն է, այլ` ալեհեր ծերունին, որը պետք է լինի հանդուրժող: Դատական համակարգը պետք է արդարադատություն իրականացնելու ընթացքում լինի հանդուրժող գործընթացին մասնակիցների նկատմամբ: Փաստաբանները իրենց դժգոհությունն են բարձրացնում, և դատական համակարգը հանդուրժողականություն ցուցաբերելու փոխարեն միանգամից «տղայական» պատասխաններ է տալիս փաստաբաններին», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, նախկինում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները ըստ էության քննության էր վերցնում և լուծում տալիս, սակայն 2007-ից սկսած Վճռաբեկ դատարանը բողոքների ընդունելիության հարցի վերաբերյալ մտածում է` ընդունի՞ վարույթ, թե՞ ոչ: «Ընդունելուց հետո նոր, դրանք ըստ էության քննության են ենթարկվում: Այդ բողոքների քննության կապակցությամբ, փաստորեն Վճռաբեկ դատարանը միատեսակ չափանիշներ չի կիրառել, ինչի արդյունքում բողոք բերողների համար անհասկանալի է դառնում, թե ինչ հիմքերով են իրենց բողոքները վերադարձվում», -նկատեց Զոհրաբյանը:
Փաստաբանը վկայակոչեց քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի համաձայն, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ նիստում: Այնուհետև, վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել նիստին ներկա դատավորների մեծ մասը: Զոհրաբյանն ասաց, որ նիստը պետք է ունենա արձանագրություն, որը սակայն չկա: «Վճռաբեկ դատարանից փաստաբանների հանձնախմբի պահանջն է` պահպանել դատավարական կանոնները և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը լուծելիս վարել արձանագրություն», -նշեց նա:
Մյուս պահանջը վճռաբեկ բողոքների ընդունման ու վերադարձման որոշմների պատճառաբանությունը ներկայացնելն է, ինչը նույնպես պահանջվում է դատավարական կանոններով, և որը, սակայն, չի արվում: «2007 թվականից առ այսօր չունենք մի որոշում որով Վճռաբեկ դատարանը կպատճառաբանի` ինչու է գտնում, որ ասենք այս մի որոշումը հակասում է մեկ այլ որոշմանը: Խաղի Միատեսակ կանոններ Վճռաբեկ դատարանը չի սահմանել, և մենք փաստաբաններս լուրջ դժվարություններ ենք ունենում», -հավելեց փաստաբան Զոհրաբյանը:
Փաստաբանների հանձնախումբը պատրաստվում է բոլոր հիմնավորումներով դիմում ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Նույն դիմումի կրկնօրինակները ներկայացվելու են Հայաստանի նախագահին, ՍԴ նախագահին ու արդարադատության նախարարին: Բացի այդ, փաստաբանները պատրաստվում են քննարկումների շարք սկսել նաև դատավորների հետ: «Իսկ եթե այս միջոցառումների շարքը որևէ օգուտ չբերի, ապա չի բացառվում, որ փաստաբաններով մյուս անգամ առավել ծայրահեղ միջոցների դիմենք», -հայտարարեց Արա Զոհրաբյանը:
Լրագրողի հարցին, թե ո՞րն է դատադուլից այն կողմ ավելի կտրուկ միջոցը, պատասխանեց հանձնախմբի մյուս անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը. «Մեկօրյա դատադուլից ավելի կտրուկ միջոց է երկօրյա դատադուլը, մեկամսյա դատադուլը: Մենք դատադուլի ժամանակ կարող ենք ներգրավել նաև մեր վստահորդներին, ովքեր անձամբ կարող են ասել, թե ինչ է կատարվել իրենց հետ: Բայց մենք վստահ ենք, որ ավելի կտրուկ միջոցի չեն թույլ տա, որ գնանք»:
Հանձնախմբի մյուս անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ փաստաբաններից շատերի պաշտպանյալները ցանկություն էին հայտնել գործադուլին միանալ հացադուլով: «Մենք, սակայն, խնդրեցինք նրանց, որպեսզի իրենք նման քայլի դեռևս չդիմեն, բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք այլևս չենք կանխի նրանց ցանկությունը` հացադուլով միանալ մեր գործադուլին», -հավելեց Լուսինե Սահակյանը:
Պետք է դիմել կտրուկ միջոցների. Ռուբեն Սահակյանը փաստաբանների այս քայլից օգուտ չի տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան