«Հարսնաքար»-ի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ հետ է ուղարկվել ոստիկանություն
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը հետ է ուղարկվել ոստիկանություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Գործի նախաքննությունը կվարի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Տեղեկացրել էինք նաև, որ քրեական գործը ոստիկանությունից երեկ օրվա վերջում ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն:
Նշենք, որ միջադեպի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևաքնով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը ևս գնահատվում է ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում