Գլխավոր դատախազությունը մերժել է Օսկանյանի պաշտպանի բողոքը
Հայաստանի Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռ հանցագործությունների գործերով վարչության դատախազը որոշել է մերժել Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշել է ամբողջությամբ մերժել փաստաբանի բողոքը` գտնելով, որ այն հիմնազուրկ է և որևէ խախտում տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Վարդան Օսկանյանն այս գործով անցնում է որպես վկա և արդեն մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Վարդան Օսկանյանը ցանկություն է հայտնել հրապարակել վիճահարույց փաստաթղթերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին