Զինծառայողի բողոքող մայրը Պաշտպանի գրասենյակում դիմում է գրել
Սիսիանի զորամասի զինծառայող Ռուբեն Միքայելյանի հայրն ու մայրը` Շամիրամ Միքայելյանը, որը օրերս կառավարության շենքի առջև հացադուլ էր հայտարարել, քիչ առաջ գնացել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և դիմում գրել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանն ասաց, որ դիմումի մեջ ծնողները ներկայացրել են, որ իրենց որդին առողջական խնդիրներ ունի, բայց զորակոչել են բանակ ծառայության: «Գրել են նաև, որ զորակոչվել է որպես ոչ շարային, բայց ծառայել է որպես շարային զինծառայող և խնդրել են միջամտել պատշաճ բուժօգնություն ցուցաբերել», -փոխանցեց Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը:
Աղամալյանն ասաց, որ իրենք չեն նայել որևէ փաստաթուղթ և դիմումն ստանալուն պես Պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժինը կհետևի գործին:
Այժմ Ռուբեն Միքայելյանը գտնվում է Ռազմական ոստիկանությունում, որին ևս Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը տեսակցել է:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս պատմությանը և ներկայացրել կնոջ բողոքը: Նա պատմել էր, որ իր որդու վիճակը վատացել է նախորդ տարվա հոկտեմբերին, երբ նույն զորամասում զինվորները ծեծել են մի տղայի ու հարուցված քրեական գործի շրջանակներում իր որդուն ներգրավել որպես վկա: Վերջինն էլ, մոր խոսքով, պատմել է այն ամենն, ինչ տեսել է:
«Զորամասում հրամանատար Ալբերտ Խաչատրյանը ու մյուսը` կրտսեր սերժանտ Մխիթարյանը էնպես են ծեծում իմ երեխուն, դաժանաբար, անվայել բառերով, ասելով` գործ տվող բ…, դե պատկերացրեք: Մի քանի ամիս իմ երեխուն ճնշած պահել են», -երեկ մեզ հետ զրույցում պատմել էր մայրը և ասել, որ այդ ճնշումներին չդիմանալով որդին դիմել է ինքնասպանության:
Զինծառայող Ռուբեն Միքայելյանի այս արարքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը տեղեկացրել էր, որ ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործն ուղարկվել է Եղեգնաձորի զինվորական դատախազություն` մեղադրանքը հաստատելու և Սյունիքի մարզի դատարան ուղարկելու համար:
Նաև տեղեկացրել ենք, որ նախօրեին կառավարության շենքի առջև բողոքող Շամիրամ Միքայելյանի մայրը` Գոհար Չիֆլիկյանը, ուշագնաց էր եղել և տեղափոխվել էր Երևանի 2-րդ բուժմիավորում:
Նախորդիվ`
«Տղայիս ծեծել են` ասելով գործ տվող բ…». Զինծառայողի հուսահատ մայրը Սեյրան Օհանյանին էր փնտրում (լուսանկարներով)
Զինծառայողը մեղադրվում է սիմուլյացիայի համար. Իսկ մայրը հացադուլով փորձում է հասնել արդարության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին